Ժողովրդավարության առավելությունը իշխանության թևերի անկախությունն է։
«Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի»,- հոկտեմբերի 21-ին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Նկատենք, որ այս նախագիծը ԱԺ լիագումար նիստում չի քննարկվել, օրենք չի դարձել։ Ի՞նչ հիմքով է Փաշինյանը հայտարարում, թե «ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի»։ Սա իշխանազավթման ինքնախոստովանական ցուցմո՞ւնք է, թե՞ պոպուլիստական գրոհ։
Ծառայության 2 տարի ժամկետն ունի կոնկրետ տրամաբանություն։ Զինվորին որոշ ժամանակ վարժեցնում են բանակի կարգուկանոնին, ծանոթացնում զենքերին, դրանք կիրառելու հմտություններին։ Հետո նրան տեղակայում են դիրքերում, առաջադրանք տալիս։ Հաշվի առնելով ՔՊ-ական անպատասխանատու գործելաոճը, ենթադրելի է, որ նորակոչիկին միանգամից կտանեն խրամատ՝ առանց բավարար պատրաստելու։ Այսինքն՝ 1,5 տարի դարձնելու արդյունքում կտուժեն և՛ զինվորը, և՛ բանակը։
Առաջին հայացքից՝ Փաշինյանի այս հայտարարությունը պոպուլիստական քայլ է։ Վերջին շրջանում կատարած հակաժողովրդական քայլերը էապես գցել են նրա վարկանիշը։ Եվ այն բարձրացնելու համար նա պոպուլիստական քայլ է անում, որ նվաճի զինվորի վերադարձին սպասող մայրերի սերը։ Այսինքն՝ վարկանիշը մի քիչ բարձրացնելու համար նա ստեղծում է պաշտպանական ռիսկեր։
Ամենավիրավորականն այն է, որ Փաշինյանն իրեն դնում է օրենքից վեր։ 2 տարին 1,5 դարձնելու մասին օրենքն ընդունված չէ։ ԱԺ-ում քննարկումից, քվեարկությունից հետո այն պետք է վավերացվի և նոր օրենք դառնա։ Հաշվի առնելով, որ բանակին առնչվող հարցերը բուռն քննարկման են արժանանում ԱԺ-ում, չի բացառվում, որ օրենքը չընդունվի։ Նույնիսկ եթե ՔՊ-ական բոլոր պատգամավորները երդվել են, որ կողմ են քվեարկելու բանակի փաստացի կրճատման մասին օրենքին, միևնույն է՝ ոչ ոք իրավունք չունի այդ մասին խոսել այնպես, կարծես օրենքն արդեն ընդունված է։
Պետության, ժողովրդավարության, ժողովրդի ընտրյալների նկատմամբ տարրական հարգանքը յուրաքանչյուրին պարտավորեցնում է պահպանել օրենքի ընդունման և կիրառման ժողովրդավարական ընթացակարգերը։ Եթե Փաշինյանը միայն ասեր, թե առաջարկել է, որ 2 տարին 1,5 դարձնել 2026-ի հունվարի 1-ից, ապա այդպիսով օրենք, կարգ, արժեք խախտած չէր լինի։ Եթե ասեր, որ ՔՊ-ական պատգամավորները որոշել են, որ կողմ են քվեարկելու սրան, դարձյալ խախտում չէր լինի։ Բայց քանի որ ասաց՝ «2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», ասպիսով հիմք տվեց, որ ընդդիմախոսները այն որակեն իշխանազավթման մասին ինքնախոստովանական ցուցմունք։
Փաշինյանը բացարձակ միապետ չէ։ Եթե լիներ, ապա կարող էր մի քանի հոգու հետ խորհրդակցելուց հետո հրաման արձակել, որ 2026-ի հունվարի 1-ից 2 տարին կլինի 1,5, և այդ մասին կարող էր հայտնել ժողովրդին։ Այս առումով՝ նրա հայտարարությունը հակաժողովրդավարական է։ Պատկերավոր ասած՝ նա տրորեց ԱԺ քիթը, իրեն դասեց ժողովրդավարությունից, օրենսդիր իշխանությունից վեր։ Նա այսպիսով՝ կարծես, ասաց, որ ոչ միայն Կառավարությունն է ինքը, այլև օրենք ընդունող ՀՀ ԱԺ-ն էլ է ինքը, օրենք վավերացնող ՀՀ նախագահն էլ է ինքը, այդ ինստիտուտները զավթված են, և նախարարը, պատգամավորը, Նախագահը կամազուրկ, իրավազուրկ զանգված են, ուրույն կարծիք հայտնելու իրավունք չունեն։
Կարճ ասած՝ Փաշինյանի այս սխալը կարող է այլասերել հանրային պատկերացումները իշխանության, ժողովրդավարության մասին։ Մարդկանց կարող է թվալ, թե երկրում մեկ հոգի է ամեն ինչ որոշում։ Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ է հարկատուն աշխատավարձ վճարում ԱԺ պատգամավորին, նախարարին, Նախագահին։ Այս ինստիտուտները ձևակա՞ն են։ Ո՞ւմ ենք խաբում, թե ժողովրդավար ենք՝ մե՞զ, թե՞ ազատ աշխարհին։
Թաթուլ Մկրտչյան