Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:42 20-07-2026

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով։ Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։

Բայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։

Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։

Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան