«Ոչ մի լուրջ բան չի եղել. ո՛չ նվաճում է, ո՛չ այլ ինչ։ Սա քաղաքական ժեստ է, և տնտեսական բովանդակություն գրեթե չունի»,-
Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ինքը թույլ է տվել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտք գործի ցորենի առաջին խմբաքանակը։
«Ալիևն ի լուր աշխարհի հայտարարել է, թե տեսեք՝ ինչքան լավն ենք մենք։ Իսկ ենթատեքստը, հավանաբար, այն է, թե ինչքան վատն է Հայաստանը»,- մեկնաբանեց տնտեսագետը՝ կրկնելով, որ դա ընդամենը քաղաքական հայտարարութուն է։
«Ամեն դեպքում՝ լավ է, որ ճանապարհը բացվում է, բայց նա Հայաստանի հետ ճանապարհ չի բացում։ Ընդամենը՝ ղազախական ցորենը Ռուսաստանի փոխարեն գալու է Ադրբեջանով և Վրաստանով։ Սա է ամբողջը, առանձնապես ոչ մի բան չի եղել։ Կլինի այն ժամանակ, երբ որ Հայաստան-Ադրբեջան երկաթգծային հաղորդակցությունը կբացվի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից,
Oragir.News-ի զրուցակիցը պատասխանեց․
«Թող մի հատ հաշվարկ ներկայացնեն, թե քանի կոպեկ, քանի լումա է Հայաստանը շահելու էս դեպքում։ Թող ներկայացնեն՝ ցորենն ինչ արժե։ Ցորենը միջազգային գներով է վաճառվում։ Ի՞նչ տարբերություն՝ ռուսակա՞ն լինի, ուկրաինակա՞ն, թե՞ այլ։ Ինչ վերաբերում է ճանապարհածախսին՝ դժվարանում եմ ասել՝ որքան է։ Թող ներկայացնեն՝ իմանանք»,- եզրափակեց Բագրատ Ասատրյանը։
Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ այսօր հայտարարել է, որ ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։