Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ որևէ եկամուտ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել համակարգ, վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված է ու հանձնված է, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին։
Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի։
Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման պարզեցման օրենսդրական նախագծին, ասաց․
«Շատ կարևոր է, թե ինչու ենք հայտարարագրի պարզեցման նախագիծ իրականացնում։ 130 հազար մարդ ներկայացրել է հայտարարագիր, և հնարավորություն ունենք նրանց ներկայացրածով վերլուծել պատկերը»,- ասել է վարչապետը և հավելել՝ պատկերից պարզ է, որ հայտարարագիր ներկայացրածների 61%-ը ինքնաշխատ ներկայացված հայտարարագրի ձևում ոչ մի փոփոխություն չի արել։
Վարչապետը նշել է, որ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների 79%-ը լրացրել են տվյալներ, որոնք, մեծ հաշվով, կարող են հասանելի դառնալ կառավարությանը, մասնավորապես, ստացված վարկերի և փոխառությունների մասին. «Եթե լրացնում ենք այն մարդկանց, որոնք ավելացրել են իրենց ստացած վարկերը և փոխառությունները, ստացվում է 79%։ Ըստ էության, պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս և լրացնում է միայն այն տվյալները, որը գիտի կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ»։
Վարչապետի խոսքով՝ եկել են լուծման. եթե 79%-ի դեպքում նման պատկեր է, ապա պետք է հայտարարագիրը լրացվի ինքնաշխատ. «Եթե ունեք սոցիալական կրեդիտ, պետք է սոցիալական ստորագրության միջոցով հաստատեք այն։ 2-րդ խմբի դեպքում, ովքեր ունեն վարկեր և փոխառություններ, մենք հնարավորություն ենք տալիս արդեն իսկ հայտնի տվյալը նույնպես ինքնաշխատ ձևով գեներացնել»,-ընդգծել է նա։