Մամուլում երեկ տեղեկություն է հայտնվել, թե Փարաքար համայնքի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկի կնոջ հեռախոսի գաղտնալսումներից իմացվել է, որ կինն ամուսնու եղբոր հետ հարաբերությունների մեջ է։ Ենթադրվում է, որ գաղտնալսումն արվել է Փարաքարի համայնքապետի սպանության գործի քննության շրջանակներում։
Այս տեղեկության հավաստիությունը ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է իրավապահների կողմից։ Պարզ չէ, թե ինչպե՞ս է այն փոխանցվել մամուլին։ Միայն ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանն է հրապարակավ հերքել իր ընտանիքի մասին տարածվող տեղեկությունը, այն որակելով նողկալի, անբարոյական սուտ։
Այսպիսի կասկածելի արտահոսքերը նորություն չեն Հայաստանում։ Պաշտոնյաների ինտիմ կյանքին վերաբերող սկանդալային լուրերի հրապարակումները, որոնցով ցույց է տրվում նրանց անբարոյական վարքը, բարոյազրկում են պաշտոնյային, քաղաքական գործչին։ Այդպիսով ստվեր է գցվում ամբողջ կուսակցության, հետո քաղաքական համակարգի վրա։ Այսինքն՝ սա հակապետական միտում ունի։ Եվ ենթադրաբար՝ կազմակերպվում է չբարեկամ պետության կողմից։ Նախկինում ևս աղմկահարույց գաղտնալումներ են հրապարակվել բարձր պաշտոնյաների մասնակցությամբ։ Սակայն այդպես էլ չի պարզվել, թե ովքեր են գաղտնալսել, և ինչ հիմքով, նպատակով են հրապարակվել դրանք։ Հաշվի առնելով, որ ռուսական հատուկ ծառայություններն անխոչընդոտ գործում են ՀՀ-ում, իսկ որոշ կասկածներով նաև պաշտոններ են զբաղեցնում ԱԱԾ-ում, իրավապահ համակարգում, ապա ենթադրելի է, որ հենց նրանց կողմից էլ կազմակերպվում են նման արտահոսքերը։
Առավել ցավալի է այն, որ ՀՀ պաշտոնյան իր մասին այսպիսի հրապարակումներից հետո շարունակում է անվրդով պաշտոնավարել, կարծես՝ բան չի եղել, կարծես նորմալ է, որ պաշտոնյան կասկածվում է անառակության մեջ։ Եվ արդյունքում՝ քաղաքացին երես է թեքում ոչ թե առանձին վերցրած պաշտոնյայից, այլ երկրից։ Ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող պետությունում այսպիսի հանրային կասկածի պարագայում պաշտոնյան անմիաջապես հրաժարական է տալիս, որ չխախտվի ներքին խաղաղությունն ու անխախտ մնան հասարակության բարոյական սյուները, քաղաքացին չկորցնի հարգանքը պետության հանդեպ, իշխանությունը չկորցնի հանրային վստահությունը։
Այս սկանդալային հրապարակումը նաև ողջամիտ կասկած է առաջացնում, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը քննողները փակուղու մեջ են, չեն կարողանում բացահայտել կատարողին, կազմակերպչին, պատվիրատուին։ Ստիպված այսպիսի սկանդալային արտահոսքեր են կազմակերպում։ Եթե այս գաղտնալսումն է նախաքննական մարմնի աշխատանքի արդյունքը, ապա կարելի է ասել, որ այն լիակատար ձախողվել է։
Այս գաղտնալսման հրապարակման արդյունքում ոչ միայն խախտվել են նախաքննության գաղտնիության, անձնական կյանքի գաղտնիության սկզբունքները, այլև լուրջ լարվածություն է առաջացել համայնքում։ Այս առումով՝ սկանդալը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Եթե իշխանություններն իրավապահների պաշտոնանկությունների շարքով ուզում էին կանգնեցնել սոցիալական լարվածությունը գյուղում, ապա այս գաղտնալսման մասին հրապարակմամբ այն ավելի սրվեց, ու ավելի խորացավ կասկածը, որ սպանությունը քաղաքական աստառ ունի։ Հետևապես՝ ՔՊ-ական իշխանությունները կա՛մ չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ գործում են ժողովրդի դեմ։
Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները պետք է պատասխանեն երկու հարցի՝ ո՞վ է մամուլին տրամադրել ՔՊ-ական պաշտոնյաների անառակության գաղտնալսման մասին տեղեկությունը, և այն ի՞նչ կապ ունի Փարաքարի համայնքապետի սպանության բացահայտման ընթացքի կամ արագության հետ։ Եթե այս հարցերն անպատասխան մնան, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ֆորպոստի վարչապետ է և գործում է պետության ու ժողովրդի դեմ, իսկ իրավապահներն այս սկանդալի քողի տակ կարևոր բան են ուզում թաքցնել ժողովրդից։
Թաթուլ Մկրտչյան