Այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց շարժման հոգևոր հիմքերին՝ նշելով, որ իրենց ներկայությունը պայմանավորված է հավատքով և եկեղեցու հանդեպ պաշտպանական դիրքորոշմամբ։
«Սա՝ ըստ Աստվածաշնչի, ըստ Ղուկասի, այն մեկն է, ով համարձակվում է հարվածել եկեղեցու սպասավորին, հարվածում է Քրիստոսին։ Ես բուդդայական եմ, և շատերը զարմանում են, թե ինչու է բուդդայականը պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա միայն տկարամիտները կարող են ասել, որովհետև եթե գնում ես հոգևոր ճանապարհով, դու ուխտ ես տալիս, որ կյանքի գնով պաշտպանես կրոնը, սպասավորներին։ Դրա համար մենք այստեղ ենք՝ հատկապես Միքայել Սրբազանի պաշտպանության համար»,– նշեց Մանանդյանը։
Նրա խոսքով՝ իրենք որևէ մեկին կոչ չեն արել միանալու իրենց ակցիաներին․
«Եթե կան մարդիկ, ովքեր չեն մասնակցում և այստեղ քիչ մարդ կա, ապա այդ հարցը թող իրենց տան։ Մենք ոչ ոքի չենք ստիպում գալ»։
Անդրադառնալով քննադատություններին՝ Մանանդյանը նշեց, որ դրանք հիմնականում հնչում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների կողմից։
«Ինձ քննադատում են հիմնականում «Հայաստան» դաշինքից, բայց այնտեղ կան մարդիկ, որոնց ես շատ հարգում եմ՝ Գեղամ Մանուկյանին, Արծվիկ Մինասյանին և այլոց»,- ասաց նա։