Մետրոպոլիտենում պիկ ժամերին՝ առավոտյան և երեկոյան, ասեղ գցելու տեղ չկա։
Oragir.News-ը բազմաթիվ բողոքներ է ստանում մետրոյից մշտապես օգտվող քաղաքացիներից։ Ոմանք կարծում են, թե հարցը թերևս կլուծվի, եթե գնացքի շարժակազմին ավելացվի՝ մեկ, լավագուն դեպքում՝ երկու վագոն։ Ոմանք էլ կարծում են, թե աշխատանքը ճիշտ չի համակարգվում, և գուցե կառավարման խնդիր է, որ երբեք չի բարեփոխվում փոքր թվացող հարցը։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադարձավ քաղաքացիների դժգոհություններին. «Հայերը հիմա էլ մետրոյի վագոնի մասին են մտածում։ Ես կարծում եմ՝ հեսա թուրքերը կգան, հայերի թիվ մեկ փորացավը կլուծեն։ Թուրքերը Արցախ մտան, մնաց Հայաստան մտնեն։ Մի վագոնի հարցն ի՞նչ է, որ չլուծեն»։
Հանրային խոսույթում նաև վարկած է շրջանառվում, թե քաղաքային իշխանությունը սպասում է ընտրությունները մոտենան, նոր փորձի այդ հարցը կարգավորել։ Մեր զրուցակիցն այդ վարկածը սին որակեց։
«Դրանք սին երազանքներ են։ Ամենաճիշտը՝ սպասեն՝ թուրքերը գան, էդ հարցը լուծեն։ Մի վագոն չէ՝ երկուսն են ավելացնելու, որովհետև թուրքերը շատ են լինելու, մեկը չի բավարարելու։ Շատ բան են կառուցելու, հանգիստ եղեք։ Հայերը նման մանր հարցեր չեն կարող լուծել, թուրքը կմտնի՝ կլուծի»,- ասաց Մեսրոբյանը։
Շարունակելով խոսքը՝ փորձագետը նշեց, որ դեռևս 2013 թվականին է զգուշացրել, թե ինչ դեպքեր են լինելու, հիմա էլ՝ վագոնի հարցն է ասում, թե ինչպես է լուծվելու։
Oragir.News-ը խնդրի հետ կապված զրուցեց նաև Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանի հետ։
«Վագոններն այնքան են, որքան աշխատում են։ Հնարավորության սահմաններում, ամեն ինչ արվում է, որ վագոնային պարկը թարմացվի, մենք ծրագիր ենք ներկայացրել Կառավարությանը։ Իսկ եղած վագոնային պարկով արվում է հնարավորինս, որ պիկ ժամերին թեթևացում լինի։
Ինչ վերաբերում է գնացքների ժամանման միջակայքին, ապա խնդիրն այն է, որ պիկ ժամերին մարդիկ շատ են լինում՝ գնացքը ծանրաբեռնված է լինում։ Մինչև նստում են, մինչև իջնում են՝ որոշակի ժամանակահատված է պահանջվում»,- ասաց Մետրոպոլիտենի խոսնակը՝ մանրամասնելով, որ տնօրինությունը 48 վագոնի ձեռք բերման առաջարկ է ներկայացրել Կառավարությանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ մեկ վագոնի արժեքը սկսվում է 1,6-մլն եվրոյից։
Մեր զրուցակցի խոսքով՝ Մետրոպոլիտենը ինքնաֆինասավորվող կառույց չէ, այն պետական հատկացումներով է գոյատևում․ «Երբ հատկացումները կլինեն՝ առաջնայինն այդ հարցը կլուծվի»։
Հասմիկ Մովսիսյան