2022-ի մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածը մինչ օրս չի վերականգնվել։
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ փլուզման պատճառը հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման շինարարությունն էր, որի ընթացքում չէր ապահովվել ճանապարհի ամրակցումը։ Քաղաքապետարանը հավաստիացրել էր, որ փլուզված ողջ հատվածը վերականգնելու համար առնվազն երեք շաբաթ կպահանջվի։
Երեք տարի է անցել, փլված ճանապարհը նույն վիճակում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերության կողմից բնակարաններ էին ամրագրել «Պանորամա Դալմա» համալիրում, դեռ հույսով սպասում են։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել էր, որ շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը շինաշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով։ Տեսչական մարմինը նաև միջնորդություն էր ներկայացրել Քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին»-ին տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ 2022-ին Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյան էր, ում կողմից էլ նախագիծը վերահամաձայնեցվել էր։ Հենց ինքն էր ստեր հրամցրել քաղաքացիներին, թե փլուզված ճանապարհահատվածը կվերականգնվի ընդամենը 3 շաբաթում։
«Սահակյանշին»-ն էլ իր հերթին խոստացել էր 3 տարվա մեջ ավարտել շենքի շինարարությունը։ Այնինչ գլորվում է 6-րդ տարին, իսկ տուժած շահառուները իրենց զայրույթն արտահայտում են միայն սոցիալական հարթակներում, լավագույն դեպքում՝ ահազանգում լրատվամիջոցներին։
Քաղաքացիներից մեկը, ով «Պանորամա Դալմա» համալիրի առաջին փուլի շահառուներից է, Oragir.News-ին հայտնեց, որ դեռ 2021 թ-ի սկզբին է բնակարան ամրագրել։ Իր խոսքով, երբ ընկերության փոխտնօրենին` Սահակյան Կարենին, հարցրել է՝ «Կարո՞ղ է ուշանա նախագծի հանձնումը, քանի որ մեկ անգամ արդեն նման իրավիճակում հայտնվել է։ Ի պատասխան, Սահակյանը կեսկատակ-կեսլուրջ ասել է․ «Դե մի անգամ տուժվել եք, իմունիտետ կունենաք, երկրորդն էլ տուժվեք»։
Oragir.News-ին դիմած քաղաքացին երկար ժամանակ է՝ քաշքշուկների մեջ է։ Ինչպես ինքն է ներկայացնում՝ պայմանագրի նախագիծը բաղկացած էր 4 փուլից և պետք է ավարտվեր 2023-2027թթ.-ը։
«Իմ բնակարանը գտնվում է առաջին փուլում և այն պետք է ստանայինք 2023-ին։ Սակայն մի օր ստացանք նամակ, որում գրված էր, թե Ծիծեռնակաբերդի խճուղու մի մասը քանդվել է, և քաղաքապետարանը շինթույլտվությունը երկարաձգել է մինչև 2025-ի հունիս ամիսը։
Եվ, քանի որ բնակարանը ձեռք էինք բերել փուլային վճարումով, և 2 տարի ավելի պետք է սպասեի բնակարանի ստացմանը, ես էլ, մյուսների պես, սկսեցի չվճարել մնացած 35% պարտավորությունս հետևյալ հիմնավորմամբ՝ տվեք բնակարանս, տամ գումարը։
Դրանից հետո սկսվեց նամակների ստացումը՝ սպառնալիքով, թե բա՝ եթե չվճարեք, դատի կտանք։
Հաջորդ նամակը ստացանք արդեն տույժերով՝ մոտ 4.5 մլն դրամ տուգանք էր գումարվել ուշացման համար։
Պարզաբանեցին՝ քանի որ մեզ քաղաքապետարանը տվել է երկարացման թույլտվություն, մենք իրավունք ունենք ուշացնելու, իսկ դուք մեր գումարը ուշացնելու իրավունք չունեք»,- մանարամասնեց քաղաքացին՝ հավելելով, որ արդեն 2025 թվականն է, բայց «սայլը տեղից չի շարժվում»։
Oragir.News-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ կազմակերպության սեփականտեր Սուրեն Սահակյանն էլ իր հերթին է «լոլո» կարդում՝ պատճառաբանելով, իբր «Ամիօ» բանկը չի ֆինանսավորում և վարկ չի տալիս իրենց, որպեսզի շինարարությունը շարունակեն։
«Բանկից ներքին կարգով ճշտեցինք, ասացին՝ դրանց փող տանք, ումի՞ց ստանանք, եղած վարկերը չեն փակում»,- պատմեց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Սահակյանի որդին տեղափոխվել է ԱՄՆ, և Տեխաս նահանգում շինընկերություն հիմնել։
«Այնտեղ վիլլաներ է սարքում և վաճառում։ Սուրենն էլ իր համար հանգիստ տեղը վեր ընկած, մարդկանց ասում է՝ փող չունենք, որ շինարարությունն ավարտենք։ Լավ, բա մենք ի՞նչ անենք։ Իր որդին մեր փողերը հանի արտերկիր՝ բիզնես հիմնի, հերն էլ ասի՝ փող չունենք՝ ձեր բնակարանները հանձնե՞նք»,- տարակուսեց «Սահակյանշին»-ից տուժած քաղաքացին։
Ի դեպ, Պանորամա Դալմա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի մասին վերջին ինֆորմացիան «Սահակյանշին»-ից եղել է սույն թվականի փետրվարի 1-ին։
Նախագծի տուժած շահառուները «Սահակյանշին»-ի ֆեյսբուքյան էջում մեկնաբանությունների բաժնում խնդրում են տեղեկատվություն տրամադրել շենքի կառուցապատման վերաբերյալ, հայտնում իրենց դժգոհությունները, ինչին ի պատասխան, «Սահակյանշին»-ի ֆեյսբուքյան էջը սահմանափակում է մեկնաբանությունների դաշտը, փաստացի թույլ չտալով նրանց արտահայտվել։
Oragir.News-ը «Սահակյանշին» ընկերությունից փորձեց պազաբանում ստանալ թե՛ փլուզված ճանապարհահատվածի շինաշխատանքների, թե՛ մեզ ահազանգած քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։