Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:39 26-09-2025

«Հայաստան»-ը միացավ իմպիչմենտին, Ալեն Սիմոնյանը վստահ է, սպանության կասկածյալը գտնվել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում լսումներ է նախաձնել՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է: «Այս լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետականգործողություններին հակազդելն է: Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության», - լսումների սկզբում հայտարարեց նիստը վարող, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Այսօրվա լսումների ընթացքում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը ևս միացավ գործընացին․ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ելույթի ժամանակ իրենց պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմին», որպեսզի կցեն իրենց նախագծին: «Պատիվ ունեմ»-ը դեռ հունիսի սկզբին էր Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ պատրաստել, որի տակ մինչ օրս միայն խմբակցության վեց պատգամավորների ստորագրություններն էին: «Հայաստան» խմբակցությունը չէր միացել այդ նախագծին, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի միջոցով Փաշինյանին հեռացնելու սցենարը իրատեսական չէր համարել: Խորհրդարանական լսումներին զուգահեռ Բաղրամյան պողոտայում ակցիա էր իրականացվում․ հավաքված քաղաքացիները պահանջում են իրագործել Փաշինյանի իմփիչմենթը:

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ: «Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ, որ մասնավորապես օգոստոսի 8–ի Վաշինգտոնի համաձայնագրից հետո և այն քայլերից հետո, որոնք արվում են և արվելու են մինչև ընտրություններ, մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ»,-ասել էր նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՊ-ն ընտրություններին կստանա՞ 50+1 տոկոս ձայն: 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնական տվյալներով 688․761 ձայն էր ստացել, ինչը վերջինիս հնարավորություն էր տվել խորհրդարանում մեծամասնություն կազմել և առանց այլ ուժերի հետ կոալիցա ձևավորելու։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: MediaHub-ն իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Գրիգորյանի սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից: Նշվում է, որ նրան հաջողվել է հայտնաբերել կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Լրատվամիջոցին հայտնել են, որ նա իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը չի մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով․ «Որևէ նոր բան չենք կարող հայտնել»: Ճշտող հարցին՝ Ախտոյանի սպանված հորաքրոջ որդու եղբորը բերման չե՞ն ենթարկել գործի շրջանակներում, Սարգսյանը միայն ասել է, որ տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան: Նշենք, որ այսօր Մերձավանում վերջին հրաժեշտը տվեցին Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է սոցիալական ցանցերում՝ ինքնաթիռի խցիկից տեսանյութ հրապարակելով։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում կգտնվի սեպտեմբերի 26–ից 27–ը։ Բաղասարյանը հայտնել, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Ավելի վաղ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից ավելի քան 15 րոպեանոց ելույթ ունեցավ, որը սկսեց ու ավարտեց մեկ հիմնական ուղերձով՝ Ադրբեջանը հաղթել է, հասել իր առջև դրված նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումները բնորոշելով որպես «Հայրենական, ազատագրական պատերազմ»՝ Ալիևը բարձր ամբիոնից կրկին Հայաստանին մեղադրեց «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու համար»: 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի շեմին Ալիևը նաև պնդել է, թե իբր Ադրբեջանը վեցշաբաթյա այդ հարձակման ընթացքում «հետևել է միջազգային բոլոր մարդասիրական ու պատերազմական կանոններին», մինչդեռ Հայաստանը «բալիստիկ հռթիռներով ու կասետային զինամթերքով ռմբակոծել է քաղաքներ ու գյուղեր, սպանել խաղաղ բնակիչների» և ենթարկվել կապիտուլյացիայի։ Սեփական ռազմական ագրեսիան արդարացնող ու հիմնավորող այս ուղերձներից հետո միայն նա խոսեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ չմոռանալով կրկին շեշտել, որ դրա նախաձեռնողը հենց Բաքուն է եղել, ապա ընդգծեց՝ խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Ադրբեջանի նախագահը Հայաստանից պահանջել է նաև ճշգրիտ տեղեկություններ տրամադրել Արցախի տարածքում առկա ականապատված տարածքների, ինչպես առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների վերաբերյալ, որոնց թիվն, իր պնդմամբ, գերազանցում է 4 հազարը։

Չնայած Հայաստանի ռազմական բյուջեն կրճատվում է, վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացվում է։ Համապատասխան նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում պ աշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ներկայացրել։ Նա նշեց, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափման ձևերը և խստացնել պատասխանատվությունը՝ մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների առկայության դեպքում։ Սարգսյանի խոսքով՝ նախագծերը նաև ընդլայնում են ռազմական ոստիկանության իրավասությունները: «Վերջինիս գործունեությունը ոչ միայն կներառի հանցագործությունների կանխում ու խափանում, այլև դրանց հայտնաբերում և բացահայտում։ Բացի այդ, ռազմական ոստիկանությանը լիազորվում է աջակցել զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման ընթացքում»,- ասաց Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ ռազմական ոստիկանությունը կարող է ապահովել քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջով ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումն ու ուղեկցումը անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար։ Հիշեցնենք՝ հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն 15 տոկոսով կկրճատվի, իսկ Ադրբեջանինը կաճի՝ նախնական տվյալներով 20%-ով։

Հայ ազգային կոնգրեսը դաշինք չի կազմի ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Ավելորդ դատարկ խոսակցություններից զերծ մնալու համար, ինչպես նաև հերքելու համար տարբեր բամբասանքներ ու ասեկոսեներ` միանգամից ուզում եմ հայտարարել, որ ՀԱԿ–ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում սկսել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,– ընդգծեց նա։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված իմպիչմենտի գործըթնացին` նա նշեց, որ Փաշինյանի կառավարման 7 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով, որոնցից գլխավորը Արցախի կորուստն էր, իսկ հիմա էլ նույն վտանգը Սյունիքի վրա է կախված։ Զուրաբյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի գաղնիք ունի ժողովրդից, դա ԵԱՀԿ ՄԽ–ի կողմից 2019 թ. ապրիլին, ապա հունիսին ներկայացված խաղաղության պլանն էր, ու եթե այն իրագործվեր, ապա մենք Ադրբեջանին ընդամենը պետք է հանձնեինք 5 շրջան և կլիներ լիակատար խաղաղություն` խաղաղարար զորքերի տեղակայմամբ։ Մինչդեռ ըստ Զուրաբյանի` Փաշինյանն ինքնախոստովանություն է արել այս տարվա օգոստոսի 23–ին` նշելով, որ գիտակցաբար է մերժել ԵԱՀԿ ՄԽ այդ պլանը, որպեսզի իրագործվի մի ռազմավարություն, որի շնորհիվ կհաստատվի հաշտություն Ադրբեջանի և երկխոսություն Թուրքիայի հետ։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրաժեշտի ասուլիսում անդրադարձավ «Թրամփի ուղու» շուրջ հայ -ամերիկյան պայմանավորվածությունների: Դեսպանը նշեց, թե այդ հայտարարության մեջ ընդծված է 5 սկզբունք, որոնց Իրանը մշտապես իր աջակցությունն է հայտնել»: Ըստ նրա՝ այդ սկզբունքներն են ազգային ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմաների անխախտելիությունը և փոխադարձությունը: Սոբահանին նշեց՝ իհարկե այդ հայտարարության մեջ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումերի ընթացքում դրանք վերացան: «Իհարկե կան դարձյալ անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել», - ասաց դեսպանը, հավելելով, թե ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ որևէ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի 2 երկրների շահերից: «Անհասկանալի է ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, որը մեզ համար անհասկանալի է, մանրամասները հստակ չեն, խոսքը այն քննարկումներ մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ» ,- պարզաբանեց դեսպանը:

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում:

Այսօր ավտովթար է տեղի ունեցել նաև Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Մոլդովական 4/4 հասցեի մոտ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել