Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 03-03-2026

Ալեն Սիմոնյանը պաշտոն է ուզում, Ռոբերտ Քոչարյանը շեմը կանցնի՞, պատերազմը շարունակվում է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 3-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի չորրորդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները՝ մեծացնելով հակամարտության աշխարհագրությունը և խնդիրներ առաջացնելով ողջ աշխարհում: Այսօր Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Հարվածել են նաև ռազմական ուսումնական հաստատության և լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի արևմտյան Համադան քաղաքում սպանվել է առնվազն հինգ, վիրավորվել՝ 25 խաղաղ բնակիչ: Իրանի բանակի հաղորդմամբ՝ Քերման նահանգում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից 13 զինվոր է զոհվել: Ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ էլ, ըստ ISNA գործակալության, զոհվել է Բուշեհր նահանգում: Պայթյուններ են լսվել նաև Սպահանում և Շիրազում:նԻրանում զոհերի թիվը հասել է 787-ի: Նրանցից 180-ը սպանվել են Մինաբ նահանգում օրիորդաց դպրոցի վրա հարձակումից: Աշակերտներից 165-ին այսօր են հուղարկավորել: Կարմիր մահիկի տվյալներով՝ Իրանի վրա առայսօր իրականացվել է 1039 հարձակում, տուժել է 153 քաղաք, ընդհանուր 504 վայր: Իրանը շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում: Չնայած բանակցությունների նստելու բազմաթիվ կոչերին՝ դեռ ոչինչ չի վկայում, որ առաջիկայում պատերազմը կդադարեցվի: Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցել և հիմա կենտրոնացած է ինքնապաշտպանության վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի «անսահմանափակ պաշար» ունի պատերազմելու համար։


Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում նախընտրում է մնալ ներկայիս պաշտոնին: «Նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետև կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես Ազգային ժողովի նախագահ ես իմ գործը հաջողել եմ ու ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: Նա հավելեց նաև, որ եթե կուսակցությունը որոշի, որ պատգամավոր է լինելու, ապա կլինի պատգամավոր. «Ուղղակի պրոբլեմն այն է, որ որպես շարքային պատգամավոր էլ եմ ասպես տեղում պտտվելու ու Ալեն Սիմենյանն եմ լինելու, բայց եթե որոշեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Սիմոնյանը։ Իր պաշտոնը պահպանել ցանկցող Սիմոնյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի: «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահը: Թե որտեղից իրեն այդ տվյալները, Սիմոնյանը չբացահայտեց, բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի: Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքում ամենախոշոր ընդդիմադիր ուժը կամ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»-ը կլինի, կամ էլ «Բարգավաճ Հայաստանը»։


Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ իրենց հարցումները բոլորիվ հակառակ պատկերն են արձանագրել: «Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», - նշեց Միկոյանը: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց: Ի դեպ, Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել