Oragir.News-ը ներկայացնում է մարտի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» չգործող անցակետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները: Այս մասին գրում է «Ազատությունը»: Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում, իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում: Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները և արդյոք այնտեղ նախկինում ռուսներին էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել: Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան - Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի: Մարտի սկզբին Ախուրիկ գյուղ այցի ժամանակ «Ազատություն»-ը ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները: Հատկանշական է նաև, որ ԱԱԾ-ն հարցմանը պատասխանել է ժամկետի էական խախտմամբ՝ մարտի 13-ի փոխարեն պատասխանն ուղարկվել է մարտի 24-ին:
Ալեն Սիմոնյանն այսօր պնդել է, թե Արցախը հանձնել են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանն էին կտոր-կտոր տալիս ռուսներին, ինչպես նաև սխալ բանակցություններ էին վարում։ Նա Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ուղիղ եթերով որևէ տեղ գնա, որտեղ, իր կարծիքով կգտնի շատ հարցերի պատասխաններ։ Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն «ընդհանրապես ռեյտինգ չունի»։ Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց. «Անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ, տժժում եմ մնացածի վրա»։ Պաշտոնյան նաև դժգոհել է, որ լրագրողներն իրենց խոսքում Արցախ բառն են օգտագործում։ «Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է: Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ-ի ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում»,- ասել է նա։ Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց՝ սխալ էի անում: «Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչո՞ւ չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք և բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով: Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասել, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»,- նշեց նա և հավելեց՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է: Լրագրողները հիշեցրերցին, որ նա ժամանակին Աղդամի ֆոնին նկարվում էր, ինչին ի պատասխան էլ Սիմոնյանն ասաց, որ սխալ է արել․ «Սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամանաբանության մեջ, ոչմիթիզականի տրամաբանության մեջ եմ եղել»,- ասաց նա՝ ժխտելով, որ հայտնի լուսանկարի հետ Ակնա բառն է օգտագործել։
Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։ Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։ «Այս իշխանությունը տարիներ շարունակ չեն հրապարակել այն ամենը, ինչ չեն ուզել, կոծկել են «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է նոր ընտրությունների առաջ»,– ասաց Գևորգյանը։ Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը և չեն հստակեցվել պատերազմի պատասխանատուները։ Հավաքվածները իրենց պահանջով նամակներ ստորագրեցին, որ փոխանցվեն ԱԺ խմբակցություններին։ Նրանք հավելեցին, որ ամեն օր՝ ժամը 15։00–ին, լինելու են խորհրդարանի դիմաց։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք` մարտի 17-ին Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե էին հրավիրել վկայի կարգավիճակով։ Քրեական վարույթ էր նախաձեռնվել ՔO 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այլևս սահմանափակված չէ նախաքննական գաղտնիքով, ուստի որոշ մանրամասներ է հայտնում։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իր հանդեպ քրեական վարույթը կարճվելու է, իսկ դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը երեկ է ստացել։ «Ես 18 տարի շարունակ ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք, և դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որևէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եվ վերջապես 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում ինչ-որ բան են նշմարել և 25 թվականի հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն և որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում»,- գրել է Օհանյանը։ Նրա խոսքով՝ վարույթի նյութերն ավելի քան 100 էջ են, նախաքննությունը տևել է 1 տարի 3 ամիս: Օհանյանը շեշտել է՝ 1500-նիշանոց իր հոդվածը տասնյակ աշխատասենյակներում է կարդացվել, ապա փորձաքննության ուղարկվել։ 2 փորձագետները 13 էջանոց եզրակացություն են գրել և եզրակացրել, որ տեքստում չկա կոչ, թեև, ըստ Օհանյանի, տեղ են թողել, որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն: Խմբագիրը մատնանշել է «այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից» ձևակերպումը։ Օհանյանը վստահ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած վարույթի հետևում։
Մանրամասները՝ տեսանյութում: