Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձ է հրապարակել՝ պնդելով, որ այսօրվա Հայաստանում իրենք լուծել են և լուծված են համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել են դեռևս 2018 թվականին: «Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է»,- ասել է Փաշինյանը, ապա՝ պարզաբանել․ «2018-ին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, դուրս գալ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր՝ պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումներից: Եվ ահա, թույլ տվեք համոզմունքով և համոզված պնդել, որ 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր, բացառապես մեր կայացրած որոշումներից»։ Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ սա ձեռքբերում է, որը պատմական է, և Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին։
Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։ Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել, և Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաև Հայաստանի համար՝ կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։ Որոշման նախապատմության բաժնում նշվում է, որ Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։ Նշվում է, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին՝ արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորելով «շարունակել կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։
Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: «Կոռուպցիա հասկացությունը մենք գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները: Աշխատողին, երբ կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հովդածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա»,- նշել է նա: Բաժանման հետ կապված՝ Նահապետյանը նշեց, որ կա համապատասխան կարգ: Ըստ կարգի, ըստ կատարողականի՝ պարգևավճարները բաժանվել են: Հետևաբար, ըստ պաշտոնյայի՝ այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել: Անդրադառնալով պարգևավճար ստանալուն՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են, ու ինքը նույնպես ստացել է: «Առաջիկայում, երբ ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում գրված կլինի գումարի չափը: Կհայտարարագրեմ, պարզ ու հասանելի կտեսնեք»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: