Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 8 ամիս առաջ - 20:41 25-09-2025

Ռազմական բյուջեն կրճատվեց, Միրզոյանը Թուրքիայից նվեր է ստացել, Փաշինյանը շնորհավորել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր լրանում է Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցը: 2023-ի սեպտեմբերի 25-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից օրեր անց, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 հոգի վիրավորում ստացավ։ Պայթունից 2 տարի անց 22 հոգի անհետ կորած է համարվում։ Մինչև օրս գործով որևէ մեղադրյալ չկա: Քննչական կոմիտեից հայտնել են, որ «քրեական վարույթի նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, մասնավորապես քննություն է տարվում պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ, նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննության ներկայիս փուլում դեռևս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի»: Զոհերի հարազատները պետական կառույցներից ստացած բազմաթիվ մերժումներից հետո գարնանը դարձյալ խնդրում էին կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ իրենց խնդիրներին:

Մերձավանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրար հարցաքննել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։ Այս պահին տեղի է ունենում Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

«Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ, կպարզվի, մեղավորները պատասխան կտան, Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընեկրն էր»: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը: Ճշտող հարցին՝ դեռ չի՞ պարզվել դեպքի հանգամանքները, ի՞նչ գիտի, որ քաղաքական պատվեր չէ, նա ևս մեկ անգամ ասաց, որ քաղաքական չէ: Ինչ վերաբերում է իրեն պատասխանատու զգում է, նա ասաց․ «Այո՛, իհարկե: Նման բաներ բոլոր երկրումներում էլ լինում են։ Վահրամ Խաչատրյանը հրաժարվեց նաև այլ մանրամասներ հայտնեցուց։ Նա հավելեց, որ դեռ առիթ կլինի շփվելու լրագրողների հետ, իսկ մյուս հարցերը, այդ թվում՝ հրաժարական կտա՞, թե՞ ոչ՝ պաշտոնյան նախընտրեց անպատասխան թողնել:

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ, գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի ավելի քան 5 տոկոսով ավելին է։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել կամ մոտ 9․5 միլիարդ դոլար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ բյուջեի նախագծով տնտեսական աճը կազմելու է 5.4 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ «Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5 տոկոսը՝ 2025 թվականի 5.5 տոկոսի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8 տոկոս մակարդակի, արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53.5 տոկոս», - ներկայացրեց նախարար Հովհաննիսյանը: Նախագիծն առաջիկայում կուղարկվի խորհրդարան՝ առավել մանրամասն յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ քննարկումները շարունակելու։

Մանրամասները՝ տեսանյութում: