Ադրբեջանում կրկին երկարաձգվել է «Հատուկ կարանտինային ռեժիմը», ինչը նշանակում է, որ երկրի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Կարանտինային ռեժիմը սահմանվել է դեռևս 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսային համավարակի սկզբնական շրջանում և նախորդ 5 տարում այն պարբերաբար երկարաձգվում է։
Սկզբնական շրջանում սահմանափակումները հիմնավորվում էին առողջապահական նկատառումներով, սակայն համավարակի հաղթահարումից հետո դրանք այլևս հավատ չեն ներշնչում։ Բաքվից նաև պնդում են, որ սահմանները փակ պահելու որոշումը պայմանավորված է ազգային անվտանգության նկատառումներով, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացնում, քանի որ դա մի քանի անգամ մեծացրել է քաղաքացիների տրանսպորտային ծախսերը։
Կարծիքներ կան նաև, որ այս որոշումն իրականում ներքաղաքական շարժառիթներ ունի։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը համոզված է՝ սահմանափակումների հիմնական նպատակն Ադրբեջանի ներսում առկա դժգոհությունների վերահսկումն է․
«Տպավորությունս մեկ բանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը ցանկանում է իր ներքին բողոքները, որոնք առաջանում են տարբեր հարթակներում, սկսած սոցիալական, մասնավորապես՝ գնաճներ, մարդկանց, ֆինանսական խնդիրներ, այդ թվում նաև զինվորականների կողմից, ովքեր մասնակցել են Արցախի օկուպացիայի պրոցեսին, և որոնք ունեն վիրավորումներ, ֆինանսական աջակցության կարիքներ, այդ մարդկանց և առհասարակ բոլոր տեսակի բողոքները Ադրբեջանում, վերահսկելու թույլ չտալու համար է, որպեսզի որևէ ձևով ինչ-որ մի ակցիա տեղի ունենա»։
Փորձագետի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարված է, իսկ սահմանների փակումը Ադրբեջանի իշխանությունների ձեռքին պարզապես գործիք է դարձել, որը շատ հաջող օգտագործվում է։
«Այսինքն` անգամ ամենափոքր ցույցերը, որոնք վերաբերում է մեկ հոգուն, միանձնյա ցույցերի մասին է խոսքը, բողոքի ակցիաները, մարդկանց նույնպես շատ կոպիտ ձերբակալման են ենթարկում, նախ՝ պատճառաբանելով, որ չի կարելի, քանի որ կորոնավիրուս գոյություն ունի, և երկրորդը․ եթե էդ մարդը իրենց համար հետագայում կարող է վտանգ ներկայացնել կեղծ քրեական գործերով, մասնավորապես՝ թմրանյութերի պահպանման՝ ի օգուտ Հայաստանի հետախուզություն անցկացնելու հոդվածներով ձերբակալում են»։
Գառնիկ Դավթյանին հայտնի չէ աշխարհում որևէ այլ երկիր, որը կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո շարունակում է այսքան երկար փակ պահել իր ցամաքային սահմանները։ Ըստ նրա՝ այս երևույթը բնորոշ է բացառապես ավտորիտար երկրներին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան
Oragir.TV