Ներքին 9 ամիս առաջ - 15:35 16-09-2025

12.000-ից ավելի հայ երեխա երբեք դպրոց չի գնացել. ո՞ւր է նայում պետությունը

Վերջին տվյալների համաձայն՝ 12,632 երեխա Հայաստանում երբեք չի եղել որևէ կրթական հաստատությունում, երբևէ չեն ստացել նույնիսկ տարրական կրթություն։ Ըստ բնակչության պետական ռեգիստրի՝ 2024-ի սեպտեմբերի դրությամբ, 6-ից մինչև 19 տարեկան 634,704 երեխա է գրանցված Հայաստանում։ Նրանցից միայն 523,405-ն է ընդգրկված Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ)։ Այսինքն՝ 111,299 երեխա այդ համակարգում պարզապես գոյություն չունի, ինչը նշանակում է, որ պետությունն առհասարակ չգիտի՝ արդյոք նրանք ստանո՞ւմ են կրթություն, թե՞ ոչ։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ուղղակի ապշեցնող որակեց այս տվյալներն ու թվարկեց դպրոց չհաճախելու պատճառները։

«Դպրոց չհաճախելու մի քանի պատճառներ կարող են լինել: Նախ, դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Աղքատության բարձր մակարդակ, ընտանիքների անընդհատ տեղափոխությունները մի բնակավայրից մյուսը, ինչպես նաև շատ հաճախ հանդիպող երևույթ՝ երեխաների ներգրավում աշխատանքում շատ վաղ տարիքից։ Մյուս կողմից, մարզերում ու սահմանամերձ գյուղերում կրթության հասանելիությունը սահմանափակ է։ Դպրոցները վատ վիճակում են, իսկ երեխաներին հետևողներ, կարելի է ասել, չկան։ Բացի դրանից, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար ներառականության մակարդակը բավարար չէ։ Ինչպես նաև, որ իմ կարծիքով ամենակարևորն է, հասարակության որոշ խմբերում կրթության արժեքը գնահատված չի։ Նրանք իրական կյանքում տեսնում են մարդկանց, որոնք որոշակի դիրքի են հասել առանց համապատասխան կրթություն ստանալու»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, մոնիթորինգի և կրթական համակարգ վերադարձնելու խնդիրներին, փորձագետը նկատեց, որ ԿԳՄՍ նախարարությունն է թիվ մեկ պատասխանատուն։ Իրենց ուրույն դերակատարությունն ունեն նաև այլ պետական մարմիններն ու գերատեսչությունները, համայնքային մարմինները, դպրոցները և այլն։ Նա լուրջ խնդիր է համարում նաև սովորողների տևական բացակայություները, ինչի արդյունքում երեխան զրկվում է հիմնական հմտություններից` կարդալ, գրել, հաշվել և այլն։ Այնուհետև, ապագայում մեծանում է աղքատության, գործազրկության և սոցիալական մեկուսացման ռիսկերը։ Մյուս կողմից, հասարակությունը կորցնում է աշխատուժի և քաղաքացիական մասնակցության պոտենցիալը:

Այսպիսի խնդիրները լուծելու համար, օրինակ՝ Ֆրանսիայում գործում են միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ կրթության նախարարության և ևս 8 գերատեսչությունների մասնակցությամբ։ Ավստրիայում, Բուլղարիայում, Նիդեռլանդներում և Իսպանիայում ներդրվել են համակարգված մոնիթորինգի և կանխարգելման ծրագրեր։ Իռլանդիայում իրականացվում են համայնքային մակարդակի ծրագրեր՝ բոլոր դերակատարների համագործակցությամբ։ Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում «Կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» նույնպես դպրոցից դուրս մնալու ռիսկը կանխելու նպատակ է դնում, սակայն կոնկրետ գործողությունների մեխանիզմներ, կարելի է ասել, չեն գործադրվում։ Գոյություն ունեն նաև սոցիալական աջակցության ծրագրեր. օրինակ՝ նպաստներ, տրանսպորտի և սննդի ապահովում, բայց դրանք ամբողջությամբ չեն լուծում խնդիրները։

Երեխայի կրթության իրավունքի վերաբերյալ Ատոմ Մխիթարյանն ընդգծեց, որ իրավական առումով՝ պետությունը պարտավոր է երաշխավորել կրթության հասանելիությունը և դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև «Կրթության մասին» օրենքով։

«Միջազգային պարտավորությունների տեսանկյունից՝ ՀՀ-ն, ըստ էության, խախտում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթները։ Իսկ քաղաքական պատասխանատվության առումով՝ ամեն ինչ պարզ է. ոլորտում վարվող ապազգային հակապետական քաղաքականությունը, տարիներ շարունակվող ծրագրերի թերի իրականացումը, վերահսկողության բացակայությունը հանգեցրել են անգրագիտության տարածման ու դեգրադացիայի։

Վստահ եմ, որ ամենաուշը 9 ամսից ձևավորվելիք նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը, իսկ այսօրվա վիճակի համար պատասխանատուները համապատասխան պատժի կարժանանան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված