Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 15-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայաստանի կառավարությունը պատրաստ է բանակում ներգրավել բոլոր այն մարդկանց, որոնք համակարծիք են կառավարության ռազմավարության հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում հնարավոր չի լինի իրականացնել մշակված ռազմավարությունները։ Նրա խոսքով՝ գլխավորը գաղափարական խնդիրն է։ «Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Ընդհանրապես մեր հայեցակարգային փաստաթղթերում մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ։ Մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ վարժական հավաքների մասնակիցներին իրեն «հիացական նամակներ են հղել» մարզումների մասին, որը ՊՆ-ի հետ ստորագրված պայմանագրով հասարակական կազմակերպություն էր իրականացրել։ Նա նշեց, որ ինքը գաղափարական խնդիր է տեսել ու արգելել է նման ձևաչափով գործակցությունը։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ պետությունը պատրաստ է քաղաքացիական կյանքից պրոֆեսիոնալ կադրեր ներգրավել բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ «Պրոֆեսիոնալ մարտական գործո՞ւմ։ Բայց ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Բանակում մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայեցակարգը, թե իրենցից ինչ ենք ուզում՝ մարտական, ֆիզիկական պատրաստվածությունից մինչև գաղափարական, հստակ չէ։ Առանց գաղափարախոսության բանակը կարող է քաոսի վերածել երկիրը, ինքն իրեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով՝ բանակում քրեածին իրավիճակը գաղափարախոսության բացակայության հետևանք է։
Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։ Այս մասին ԱԱԾ մեկուսարանից հղած իր ուղերձում նշել է բարերար Սամվել Կարապետյանը։ «Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։ Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար»,-նշել է Կարապետյանը։ Անդրադառնալով երիտասարդ ընտանիքներին՝ բարերարը շեշտել է, որ նրանք պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։ «Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով»,-գրել է Կարապետյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում է ունենալու Հռոմի պապ Լևոն 14-րդ հետ։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառը Վատիկան է մեկնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ հայրապետի գավազանակիր Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանի ուղեկցությամբ։ Վատիկանում Գարեգին Երկրորդին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։ Այս նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության` սեպտեմբերի 11–ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Համապատասխան փոփոխությունները ՀՀ կառավարությունը կատարեց 2011 թ. մայիսի 12–ի իր որոշման մեջ։ Իբրև հիմնավորում` ԱԱԾ–ն նշել է, որ վերոնշյալ որոշման մեջ կան մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ, որոնք պետք է վերացնել և, ըստ այդմ, ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ պետք է կատարել։ Նախագծին կից ԱԱԾ–ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երևում էր, որ միակ փոփոխությունը Արարատ լեռան պատկերի բացակայությունն է։ ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ հարևանների հետ հարաբերություններում իրենք ելնում են Ալմա Աթայի հռչակագրից, իսկ իրենց յուրաքանչյուր գործողություն՝ լինի կնիքի, թե հայտարարության ձևով, պետք է վտանգավոր մեսիջներ չպարունակի։
Մանրամասները՝ տեսանյութում: