Ներքին 1 տարի առաջ - 16:43 14-09-2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Խաչվերացի տոնը

Սեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։
««Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24): Ինչպես տեսնում ենք, առաջին պայմանը, որ Քրիստոս դնում է, իրեն կամավոր հետևելու ցանկությունն է: Ավետարանն իսկ վկայում է, որ Քրիստոս երբեք չի պարտադրել, չի ստիպել իրեն հետևել, մտնել խաչի ծառայության տակ: Շատերը նրան լսեցին, ոմանք չհետևեցին, իսկ ովքեր վերջնական որոշում կայացրին, դարձան նրա հետևորդները: Բայց նույնիսկ ամենամերձավոր հետևորդները երբևէ զրկված չեն եղել ընտրության ազատությունից»,-ասաց Արտակ Սրբազանը՝ հաստատելով, թե նա ով ճաշակում է Տեր Հիսուսի խոսքի զորությունը, հավիտենական կյանքի քաղցրությունը, երբեք չի հեռանում Փրկչից:

Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը կարևոր նկատեց նաև սեփական անձի ուրացումը։ Արտակ եպիսկոպոսը նշեց, որ աշխարհի մեջ մեծագույն սխրանքները, ձեռքբերումները, հաղթանակները իրականություն են դարձել անձնազոհության, սեփական ես-ը ստորադասելու արդյուքնում, իսկ քրիստոնեության մեջ դրա մեծագույն օրինակը Գողգոթան է:

«Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը պիտի անցնի Գողգոթայով, որպեսզի մենք ինչ-որ չափով կարողանանք հասկանալ այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս արեց մեզ համար:

Գողգոթան թեև փոքրիկ մի բլուր է, սակայն իր կարևորությամբ տեսանելի է աշխարհի չորս ծագերից, որտեղից լույսն է ճառագում: Այն աշխարհի բոլոր ճանապարհների խաչմերուկն է: Եթե մեր կյանքի ճանապարհը չի անցնում Գողգոթայով, ապա ոչ մի երաշխիք չունենք, որ այն չի տանի դեպի դժոխք: Իսկ Գողգոթան պայքարի, զոհողության ու հաղթության բարձունքն է: Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»,- արձանագրեց Սրբազան Հայրը:

Իր խոսքում Արտակ Սրբազանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ իր խաչն ունի, կյանքի իր ճանապարհը՝ լի դժվարություններով, բարդություններով, երբեմն վշտերով ու տառապանքով: Այս առիթով պատարագիչը հորդորեց հավատացյալներին չվարանել վերցնելու իրենց խաչը, իսկ Քրիստոս կպարգևի այն կրելու զորությունը, որովհետև որևէ մեկին չի տրվում ավելի ծանր, քան նա կարող է կրել:

Վերջում Արտակ եպիսկոպոսը ներկաներին պատգամեց մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության ու աշխարհատենչության խոտոր ընթացքներից, վերցնել խաչը, տեր լինել Քրիստոսին նմանվելու իրենց իրավունքին ու պարտականությանը, գնալ Նրա ետևից մինչև Գողգոթա և հաղթահարել Գողգոթայի տառապալից բլուրն ու մահվան ստվերները։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում