copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:30 13-09-2025

Ալեն Սիմոնյանը ստում է, կամ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ

Ժողովրդավարության անհրաժեշտ պայման է քաղաքական բազմակարծությունը։ Եթե ընդդիմություն չկա, ապա ժողովրդավարություն չկա։ Օրինակ՝ խորհրդային բռնզավթման տարիներին օրենսդիր մարմնում ընդդիմություն չկար։ Այսօր ընդիմություն չկա Հյուսիսային Կորեայում, Չինաստանում, մի շարք հակաժողովրդավարական երկրներում։ Օրեր առաջ պարզվեց, որ ՀՀ-ում էլ չկա։

«Ի՞նչ ընդդիմություն։ Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար։ ՀՀ պառլամետում այլևս ընդդիմություն գոյություն չունի»,- սեպտեմբերի 11-ին մեծ ոգևորությամբ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մոտեցումը կիսում է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։ «Միանշանակ կողմ եմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն ձևակերպման հետ, որ խորհրդարանում այսօր այլևս չկա ընդդիմություն, գոյություն չունի»,- ասել է նա սեպտեմբերի 12-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

Ի՞նչ հիմքով են ասում, թե ընդդիմություն գոյություն չունի։ Արդյո՞ք այդպիսի հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ-ն հակաժողովրդավարական երկիր է։

Եթե ասվածն իրականություն է, և ՀՀ ԱԺ-ում իրոք ընդդիմություն չկա, ապա սա լուրջ խնդիր է և նշանակում է, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, խախտված է ժողովրդավարական պայմանը։ ՀՀ սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսվում է, որ ԱԺ-ում պետք է ընդդիմություն լինի։ Չկա՝ նշանակում է՝ խախտված են մի շարք օրենքներ։ Այս առումով՝ Ալեն Սիմոնյանի ու Էմմա Պալյանի հայտարարությունները հիմք են ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։ Պարզ ասած՝ եթե ԱԺ-ում ընդդիմություն չկա, նշանակում է ժողովրդավարական Հայաստան չկա։

Այսպիսի ընկալումը վատ հետևանք կունենա։ ՀՀ-ն կարող է մերժվել ազատ աշխարհի երկրների կողմից, զրկվել դրամաշնորհներից, ֆինանսական օգնություններից, արհամարհվել ազատ աշխարհի կողմից, դառնալ խոցելի։ Օրինակ՝ 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում էր վառ ռուսամետ կուրս, բացահայտ ու լկտիաբար սպասարկում ռուսական շահերը, ինչի պատճառով ՀՀ-ն ընկալվում էր հակաքաղաքակրթական միավոր։

Իսկ եթե ԱԺ նախագահը, ՔՊ-ականները փոխաբերական իմաստով են խոսում, ապա կարելի է ենթադրել, որ նրանց մյուս խոսքերն էլ ուղիղ իմաստով չեն, այլաբանություն են։ Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները խոսում են խաղաղության, բարեկեցության, երջանկության մասին, ապա պետք չէ լուրջ ընդունել նրանց խոսքերը, քանի որ ուղիղ իմաստով չեն։ Նույնկերպ պետք չէ լուրջ ընդունել, երբ նրանք խոսում են խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերի գոյության կամ չգոյության մասին։ Այսպիսով՝ ՔՊ-ականներն անլրջացնում են իշխանությունը, քաղաքականությունը, ժողովրդավարությունը, քաղաքական խոսույթը, ինչը կարող է այլասերել սոցիալ հոգեբանությունը և այլն։ Մարդիկ կարող են մտածել, թե ժողովրդավարությունը, քաղաքականությունը ուղիղ տեքստեր չունեն։

Չի կարելի չնկատել նաև, թե հանրային ինչ մեծ ուրախություն ու ոգևորություն է առաջացրել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը խորհրդարանական ընդդիմության չգոյության մասին։ Պարզվում է, որ ժողովուրդը հոգնել է ոչ միայն Փաշինյանի սխալ քաղաքականությունից, այլև խորհրդարանական ընդդիմության անպտուղ գործունեությունից։ Բազմաթիվ մարդիկ կարող են ոգևորվել ու պատրաստվել մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ակնարկ է ուղղված քաղաքական համայնքին, թե ՔՊ-ն իր հետ ԱԺ չի տանելու ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին, ինչպես արեց 2021-ին։ Ալեն Սիմոնյանը կարծես ասում է՝ ելեք ոտքի քաղաքական գործիչներ, Ձեզ տեղ կտանք, կանցնեք խորհրդարան։

Սակայն խիստ կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանը կփոխի ձիերին։ Ավելին՝ նա բացահայտ թիրախավորում է նախկիններին, նրանց կրկին դարձնելով իր հիմնական մրցակիցը, որ հետո նրանց հետ կիսի իշխանությունը, քանի որ միայն այս ուժերը կարող են ապահովել, որ Փաշինյանը անկախության ու ժղովրդավարության 2-րդ փուլի բարեփոխումներ չանի, բալանսավորման խաղեր տա ու ևս մի քանի տարի դանդաղեցնի ՀՀ առաջընթացը։ Քաղաքական համայնքի տարբեր միավորներ ու գործիչներ շատ ավելի խիստ են քննադատում Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս արձագանքում է միայն նախկիներին, հանրության ուշադրությունը սևեռում է միայն նրանց վրա, ցույց տալով, որ նրանք են իր հիմնական ու սիրելի ընդդիմությունը։

Կարճ ասած՝ եթե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա՝ ճիշտ է, ապա ՔՊ-ն Հայաստանի համար ընտրել է հակաժողովովրդավարական ապագա։ Իսկ եթե սուտ է, ապա ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ գործող ընդդիմությունը վերարտադրվի։

Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի