Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի վերջին շեշտադրումն, ըստ որի՝ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը, ինչը կնպաստի տարածաշրջանային անվտանգության և կայունության օրակարգի առաջխաղացմանը։
Պողոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտ ներկայացնելը տեսանելի ապագայում Հայաստանի համար օրակարգային չէ։
«Վերջին բաղադրիչը՝ հայտ ներկայացնելը, գոնե առաջիկա կառավարության տարիների խնդիր չէ։ Նույնիսկ այդ հարցի քննարկումը հայկական ներքին քաղաքականության մեջ, առավել ևս՝ երբ հարցը բարձրացնի պաշտոնյան, կարող է Հայաստանի անվտանգային միջավայրի վրա ունենալ չափազանց բացասական ազդեցություն»,- նշեց նա։
Քաղաքագետը շեշտեց, որ Հարավային Կովկասը ավանդաբար համարվել է Ռուսաստանի «մերձավոր արտասահմանը» և նրա համար ունի ռազմավարական նշանակություն։
«Ուկրաինայի դեպքերն ապացուցեցին, որ ՆԱՏՕ-ին մոտենալը Ռուսաստանի համար կարմիր գիծ է։ Այդ պատճառով բացասական ռեակցիան կարող է արտահայտվել ոչ միայն դիվանագիտական մակարդակով, այլ նաև գործնական հողի վրա։ Դա տեսանք Ուկրաինայում, որտեղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը դարձավ ռազմական բախումների պատճառներից մեկը»,- ընդգծեց Պողոսյանը։
Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազում է, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Սակայն Պողոսյանի կարծիքով՝ դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է հանդուրժել ՆԱՏՕ-ի խորացումն իր համար զգայուն տարածքներում։
«Սա վատ սցենար չէ, այլ Ռուսաստանի քաղաքականության տրամաբանության հետևանք։ Ուկրաինայի օրինակը ցույց տվեց, որ Մոսկվան նման հարցերին արձագանքում է ամենակոշտ ձևով»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարին, Արա Պողոսյանը նկատեց. «Այստեղ հարցն այն է, թե համագործակցություն ասելով, ինչ են հասկանում։ Եթե խոսքն այն ձևաչափի շարունակության մասին, որը արդեն եղել է, ապա դա իրատեսական է։ Բայց եթե խոսքը տրանսֆորմացիայի մասին է, ինչպես եղավ Ուկրաինայում, ապա դա արդեն լրիվ այլ պատկեր է»:
Նշենք, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992-ին, 1994-ին ՀՀ-ն միացել է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրին։ 2006-ից ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: 2004-ից ՀՀ-ն մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին: Կոսովոյում ՀՀ խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԱՄՆ հրամանատարության ներքո: 2023թ. հուլիսին խաղաղապահների թիվն ավելացվել է և այժմ կազմում է 57: