Ներքին 9 ամիս առաջ - 09:30 12-09-2025

Ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ արժեք. հերթական ազգային խայտառակությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անկախության, անկախ արտաքին քաղաքականություն վարելու, ժողովրդավարական արժեքներին հավատարմության, և աշխարհի հետ համահունչ լինելու մասին հօդս ցնդեցին սեպտեմբերի 9-ին։

«Ազատությունը» տեղեկացնում է, որ Վրաստանից Հայաստան եկած Գիորգի Կինոյանին (վրացական աղբյուրների տարբերակը՝ Կինոիանի) ՀՀ իրավապահները ձերբակալել, ապա կալանավորել են՝ ինքնահռչակ Դոնեցկի դատարանի վճռի հիման վրա: Ռուսաստանի կողմից հետախուզվող տղամարդուն ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է հենց սահմանին, դատախազը միջնորդել է կալանավորել, դատարանն էլ բավարարել է միջնորդությունն ու 40-օրյա կալանք տվել Գիորգի Կինոյանին: ՀՀ իրավական համակարգը հաշվի է առել Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնեցկի ապօրինի դատարանի որոշումը, որով Գիորգի Կինոյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ուկրաինա- ռուսական պատերազմին մասնակցելու, ուկրաինական բանակում պայմանագրով ծառայելու համար:

Ի դեպ՝ Վրաստանում մերժել են Ռուսաստանին, պատճառաբանելով, որ Դոնեցկի հանրապետությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված չէ, հետևաբար՝ Դոնեցկի դատարանի որոշումն էլ անհիմն է: Իսկ ՀՀ-ում Գիորգի Կինոյանին կալանավորել են, և հավանաբար, կհանձնեն Ռուսաստանին։

Ինչո՞ւ են ՀՀ իրավապահներն այսպիսի անսկզբունքայնություն ցուցաբերում ու ոտնահարում մարդու իրավունքները։

Շատ վիրավորական է, որ անկախ, ժողովրդավարական Հայաստանը հիմք է ընդունում ռուսների կողմից բռնազավթված Դոնեցկի դատարանի ապօրինի որոշումը։ Հայաստանը ճանաչու՞մ է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը որպես իրավունքի սուբյեկտ, կամ ճանաչո՞ւմ է Դոնեցկը որպես Ռուսաստանի մաս։ Եթե ճանաչում է, ապա խնդիրներ կարող են առաջանալ Ուկրաինայի, ազատ աշխարհի երկրների հետ հարաբերություններում։ Աշխարհի կեսը օգնում է Ուկրաինային իր անկախության տարածքային ամբողջականության, միջազգային անվտանգության, աշխարհակարգի, ժոովրդավարության պաշտպանման համար պատերազմում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ՀՀ-ն ՌԴ դաշնակիցը չէ։ Իսկ հիմա, դատարանի այս որոշումը հիմք է ենթադրելու, որ ՀՀ-ն անուղղակի մասնակցում է ռուսների կողմից, ռուսների պատվերով մարդ է բռնում, որ հանձնի ՌԴ-ին։ Դոնեցկի դատարանը Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության համար կռվելը որակել է հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանը նույնկե՞րպ է կարծում։

Հարցն ունի նաև արժեբանական աստառ։ ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Գիորգի Կինոյանին կալանավորելը հիմք է ենթադրելու, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չէ, երբ կա ռուսական պահանջ։ Ռուսական պահանջի պարագայում հաշվի չեն առնում ո՛չ արժեք, ո՛չ ՄԱԿ, ո՛չ ազգային արժանապատվություն։ Սա՞ է բալանսավորման կամ բալանսավորված քաղաքականությունը։

Պարզ ասած՝ ՀՀ իրավապահ համակարգի այս խայտառակ վարքը հիմք տվեց կարծելու, որ ՀՀ-ն դեռ մնում է ռուսական ազդեցության գոտի, Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ, որը պատրաստ է կատարելու ռուսական նույնիսկ հակամարդկային պահանջը։ Այս պատմությունը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Հայաստանը կարող է որակվել ոչ անվտանգ վայր, ազատ աշխարհի երկրները կարող են իրենց քաղաքացիներին խորհուրդ տալ ներդրումներ չանել Հայաստանում, չգնալ այդ երկիր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան