Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:45 11-09-2025

Տեր-Պետրոսյանը միջանցք չի ասում, զինծառայությունը կրճատվում է, Մարությանի առանձնատունը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ խուսափում է «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: «Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով «Իլուր»-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը: «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների», - ասել է Տեր-Պետրոսյանը: «Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն», - նաև նշել է Հայաստանի առաջին նախագահը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026-ի ամառային զորակոչից սկսած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել՝ սահմանելով 18 ամիս։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։ ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։ Հիմնավորում են նաև, որ օրենքի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի նվազում է կանխատեսվում, որը զգալի կդառնա 2028-ից։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու, ձևավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքվի և ադրբեջանական մյուս քաղաքների խանութներում։ «Հայերը գնալու են, բենզինն ավելի էժան առնեն, գան, որովհետև էդպես ձեռնտու է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես ադրբեջանական կողմի համար սկզբունքային է Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցումը, այդ ճանապարհին հայերին չտեսնելը, ժամանակակից, տեխնիկական միջոցներով զննումը և այլն, արդյոք նույն կերպ սկզբունքայի՞ն է հայկական կողմի համար անցնելը` չտեսնելով ադրբեջանցիներին և այլն։ Սիմոնյանը նշեց, թե կարճ ու կոնկրետ կարող է պատասխանել, որ գործելու է փոխադարձության սկզբունքը։ Նա չպատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանում, օրինակ, երկրի ղեկավարի մակարդակով որևէ անգամ հայտարարություն չի հնչել, թե հայերն էլ ադրբեջանական տարածքով անխոչընդոտ կամ պարզեցված ընթացակարգերով անցում են ունենալու։ «Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, համարում է (չեմ վիճում՝ ճիշտ է, թե սխալ է), որ 30 տարի ՀՀ-ն իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն հասնող հայտարարություններ է անում։ Իր մտածելակերպը տենց է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ամեն հնարավոր ապագա սպառնալիք կանխել ու հանկարծ թույլ չտալ, որ 50-100 տարի հետ՝ ամեն ինչ կարող է լինել»,- ասաց Սիմոնյանը։

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և մինչև 2020 թվականի հոկտեմբերը Արցախի Հանրապետության կազմում գտնվող Կովսականի (ադրբեջանական անվանումը՝ Զանգելան) շրջանի հարավային մասերում: Այս մասին հայտնել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։ Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է: Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված՝ Սյունիքի ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվի ոչ թե Տավուշից, ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, այլ՝ Սյունիքից: Այս հարցին ևս ուղիղ չեն պատասխանել՝ դարձյալ շեշտելով, որ այս հարցը ևս քննարկման փուլում է:

Մանրամասները՝ տեսանյութում: