Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:15 10-09-2025

Փաշինյանը Մայր Աթոռի դեմ կգրոհի, մուրճը սեղանին է, Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ»-ը։ «Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,– գրում է լրատվամիջոցը: Նշենք, որ մեկ ամիս առաջ կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում: Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը: Ավելի ուշ, Մայր Աթոռից հաստատել են, որ Վեհափառը երեկ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ու Տեր Մուշեղ եպսիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել Սրբազանին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին, սակայն մերժում էր ստացվել։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի խոսքով՝ ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում՝ Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները։

2025 թվականին, 2024-ի համեմատ, ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ աճ, իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերի կրճատմանը։ «Այդ ծախսերի մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն, այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն, որ մենք պետք է 2030 թվականին մարեինք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թ. պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ։ «Այն, որ 2026 թվականին 2025-ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ և նվազում է նախատեսվում, կապված է դրա հետ։ Կան նաև ուրիշ գործոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով ներկայացնել»։ Փաշինյանը վստահեցրեց, թե իր վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, այլ՝ հակառակը բնականոն զարգացման մեջ են։

Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի վրա հարձակվելու մտադրությունից չի հրաժարվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ վստահեցնելով, որ հարձակումը լինելու է։ «Փաշինյանը հետ չի կանգնել, դա տեղի է ունենալու։ Այս պահի դրությամբ դեռ օրը որոշված չէ, բայց դրա մասին, միանշանակ, կհայտարարենք ու դա տեղի կունենա։ Դա շատ կարևոր մի հավաք է լինելու»,-ասաց Ալեքսանյանը։ Դիտարկմանը, որ նախկինում Փաշինյանն ամեն առավոտ ստատուսներ էր գրում այդ թեմայով, այսօր այլեւս չի գրում, ՔՊ–ական պատգամավորն արձագանքեց. «Ինտենսիվությունը գուցե նվազել է, բայց դա չի նշանակում, որ նպատակից հետ ենք կանգնել։ Այդ նպատակը կա»։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսին գրառում էր արել՝ կոչ անելով իր աջակիցներին պատրաստ լինելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում կայանալիք այսպես կոչված հոգևոր մեծ հանդիպմանը։ «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել էր կառավարության ղեկավարը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ իշխանափոխության հարցը մշտապես եղել է իրանց օրակարգում և այսօր էլ առկա է։ «Դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանը ոչ միայն խոսելու, նաև լսելու տեղ է։ Ով ականջ ունի՝ կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին 2-3 անգամ են հնարավորություն ունենում խոսել ԱԺ ամբիոնից՝ չլինելով պատգամավոր»,- դատարանի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։ Պաշտոնաթող նախագահը հիշեցրել է Նեպալում և Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները։ «Ի՞նչ տեղի ունեցավ, ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենթի ենթարկելու երկու ձև կա, մեկը Նեպալի տարբերակն է՝ բռնություններով, սպանությունով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: