Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 5-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի Խաչատրյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ըստ նրա՝ Արշակ արքեպիսկոպոսին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ուշագրավ է, որ Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ամիսներ առաջ կալանավորել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանին: Նիստից առաջ փաստաբանները հայտնեցին, որ Արշակ Սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին: Սրբազանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արքեպիսկոպոսի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մյուս եկեղեցականների ապօրինի հետապնդումները։ «Խստորեն դատապարտում ենք դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Արշակ սրբազանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի»,- կարդում ենք Մայր Աթոռի հայտարարությունում։ Նշվում է նաև, որ բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մայր աթոռը պահանջում է նաև վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն ապօրինի քայլեր են իրականացնում բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ «Հայրենիքում տիրող դժվար իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Ապօրինի քայլեր և բռնաճնշումներ է սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Անազատության մեջ են գտնվում սրբազաններ, ազգային մեծ բարերար և այլ հայորդիներ։ Մեր ժողովրդի միասնության շնորհիվ լիահույս ենք, որ կհաղթահարենք այս դժվարությունները, կչեզոքացվեն չարամիտ ոտնձգությունները»,- ասել է Վեհափառը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն: Հաղորդվում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում է։ Հայտնի է նաև, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»: Հաղորդվում է նաև, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը:
Մանրամասները՝ տեսանյութում: