Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:13 08-08-2025

ՀՀ-ն միջանցք է տալիս, հայերը կհիասթափվեն, ՔՊ-ականները հերքում են, Վեհափառն ԱՄՆ է գնում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

Այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:30-ին, Սպիտակ տանը տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հայաստանի ժամանակով 23:20-ին էլ Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ արդեն կեսգիշերին՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»: «Ալիեւը եւ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը»,- նշել է նա։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը։ Նա ընդգծել է, որ Թրամփը հանձնառու է խաղաղության նախագահ լինելուն:

Սպիտակ տանը այսօր սպասվող հանդիպումները միջազգային մամուլի գլխագրերում են։ Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են կայանալիք բանակցություններին, ինչպես նաև իրենց աղբյուրներին հղումով որոշ մանրամասներ գաղտնազերծել։ Բրիտանական Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլիի հայտարարությունը, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուրբաթ օրը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ «Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ»,- ըստ Reuters-ի՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ CBS News-ը գրում է, որ Հայաստանը մտադիր է հայտարարել, որ ԱՄՆ-ին է հանձնում 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքը, որն իր հերթին կնպաստի Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը։

Ամերիկյան Axios-ն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայկական կողմը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Politico-ն էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով գրում է, որ Հայաստանը համաձայնել է 99 տարով ԱՄՆ-ին տրամադրել «Զանգեզուրի միջանցքի» զարգացման բացառիկ իրավունքը: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կզարգացնի երկաթուղային, նավթային, գազի, օպտիկամանրաթելային, ինչպես նաև հնարավոր է, էլեկտրաէներգիայի փոխանցման գծերը՝ միջանցքի երկայնքով: Պարբերականի փոխանցմամբ՝ համաձայնագիրը հիասթափեցնի բազմաթիվ հայերի, քանի որ դրանում, ակնհայտորեն, բացակայում են պատմականորեն հայկական անկլավից՝ Արցախից, մարդկանց տեղահանման, նաև ռազմագերիների հարցերին անդրադառնալու կոնկրետ դրույթներ։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա վերջինս բացի Նախիջևանի հետ անխոչընդոտ ճանապարհից Ադրբեջանն այսօր նաև մի շարք արտոնություններ կստանա ԱՄՆ-ից։