Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
կարծում է, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն, իսկ Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը։ Այս մասին Տեր-Պետրոսյանն ասել է երեկ՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ իր առանձնատանը կայացած հանդիպման ընթացքում։
Oragir.News-ի հետ զրույցում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն անդրադարձավ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությանը և այն քաղաքական գործընթացներին, որոնք կարող են ազդել տարածաշրջանի վրա։ Այս համատեքստում նա անրադարձավ նաև Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին հայտարարությանը:
«Այն, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից, դա անքննելի իրողություն է, իսկ բոլոր ուժերը, որոնք մշտապես սպասարկել են ռուսական շահերը, բնականաբար, պետք է պայքարեն իրենց գերակայի՝ ռուսական իմպերիայի պահպանման համար։ Այս մարդիկ դեռ անկախության տարիներից սպասարկել են ռուսական շահերը։ Թեև այժմ իրավիճակը փոխվել է, շատերը ասում են, որ Տեր–Պետրոսյանը վարում էր ավելի չեզոք քաղաքականություն, փորձելով Հայաստանը մեղմ տարբերակներով հեռացնել ռուսական տիրույթից, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրա հայտարարությունը միայն Ռուսաստանի մասին չէր, այլ ընդգրկում էր Վրաստանը, Իրանը, մոտ ապագայում՝ նաև Չինաստանը և Հնդկաստանը», – ասաց Հարությունյանը։
Նա նկատում է՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, տեսնելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտությունները, փորձում է հայ հասարակությանը հեռու պահել հնարավոր հաղթող տարբերակներից՝ հրամցնելով Հնդկաստանը և Չինաստանը.
«Կա աշխարհում երկու ռազմաքաղաքական բլոկ՝ ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ–ն, և մինչև նոր աշխարհակարգի ձևավորումը, հայ ժողովուրդը և բոլոր երկրները պետք է ընտրություն կատարեն այս երկու կողմերի միջև։ Սակայն ռուսական շահերը սպասարկողները՝ ի դեմս նախկին նախագահների, շարունակում են մոլորեցնել հասարակությանը՝ թույլ չտալու համար Ռուսաստանի ազդեցության անկումը Հայաստանում, և ցանկանում են ժողովրդի հույսերը կրկին կապել Ռուսաստանի հետ։ Ես բացառում եմ, որ Տեր-Պետրոսյանը և մնացածը չեն հասկանում, թե ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում։ Ես պարզապես միտում եմ տեսնում ամբողջ ընթացքի մեջ»։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից մեծ խաղի մաս է, և երբ Մոսկվան մի տարածաշրջանից հեռանում է, հետագայում ավելի ազդեցիկ ձևով է վերադառնում՝ Հարությունյանը վերահաստատեց, որ ՌԴ-ն հեռանալու է տարածաշրջանից։ Նա նշեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը շուրջ 200 տարվա պատմություն ունի՝ սկսած 1720-ականներից, երբ ռուսները սկսեցին հետաքրքրվել Հայաստանով, իսկ հետագայում ամբողջական ներկայություն հաստատեցին, սակայն Առաջին հանրապետության ժամանակահատվածում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կովկասի երեք հանրապետություններն իրենց անկախությունը հռչակեցին, Ռուսաստանը կորցրեց տարածաշրջանի վրա իր ազդեցությունը:
«Երկրորդ անգամ վերահսկողությունը մասնակիորեն կորցեց Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ 15 հանրապետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ճանաչեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից դուրս: Այս երկու դեպքերում էլ Ռուսաստանը չի հեռացել խաղի պատճառով, այլ կայսրության կամ խորհրդային համակարգի փլուզման հետևանքով։ Եթե վերլուծենք ցարական ժամանակաշրջանը, կտեսնենք, որ Ռուսաստանը չէր ցանկանում պարտվել Կովկասում և ժամանակավոր զիջումներ անել։ 35 տարի առաջ էլ, «Սառը պատերազմի» ընթացքում, ԽՍՀՄ-ն չէր ցանկանում պարտվել Արևմուտքին, ինչպես և փլուզվել, որպեսզի լրացուցիչ տարածքներ չկորցներ»,- նշում է նա։
Շահեն Հարությունյանն ընդգծեց, որ Կովկասում տեղի ունեցած գործընթացները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ուժի փոփոխությունները իրական քաղաքական գործընթացների արդյունք են, ոչ թե խաղի:
«Ռուսաստանը ոչ միայն կորցրեց իր դիրքը Կովկասում, այլև նախկին Խորհրդային Միության այլ պետություններում։ Օրինակ՝ Լատվիան և Էստոնիան, դարձան ՆԱՏՕ-ի անդամ՝ հակադրելով Ռուսաստանի ազդեցությանը»,- ասաց նա:
Հարությունյանը հավելեց, որ Հայաստանի ներկայությունը տարածաշրջանում այսօր նաև ապահովում է Ռուսաստանի ներկայությունը: «Վրաստանը և Ադրբեջանը, որոնք ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չեն, ունեն լուրջ հակասություններ Ռուսաստանի հետ, և Հայաստանի դուրս գալը կարող է հիմք դառնալ տարածաշրջանից Ռուսաստանի ամբողջական դուրս գալուն, ինչը ռուսները չեն կարող թույլ տալ: Այս պատմական գործընթացները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ազդեցության նվազումը Կովկասում տեղի է ունենում պարտությունների և փլուզումների հետևանքով, ոչ թե խաղերի արդյունքում»,- եզրափակեց նա: