2025 թվականի օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրկին աճել է՝ սահմանելով հերթական ռեկորդ։ Ինչպես նշել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, միայն օգոստոսին մեր երկիր այցելել է 300,919 զբոսաշրջիկ։
Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 33,477 այցելու կամ 11,1%։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը դարձել են երբևէ գրանցված ամենաշատ զբոսաշրջիկներով ամիսները Հայաստանում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ նման արդյունքները նախ և առաջ պայմանավորված են պետական և մասնավոր հատվածների համատեղ աշխատանքով։
«Աճը, իհարկե, նշանակում է զարգացում։ Սա կատարված աշխատանքի արդյունք է, և այն նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացման շնորհիվ է։ Սա և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի աշխատանքի արդյունք է։ Շատ կարևոր դեր ունի մասնավոր հատվածը, որը ոչ միայն ապահովում է ծառայությունների որակը, այլև իր հերթին գովազդում երկիրը։ Ընդհանուր արդյունքն այն է, որ մենք տեսնում ենք աճ»,- ասաց նա։
Ապրեսյանի խոսքով՝ մեծ նշանակություն ունեն նաև միջազգային միջոցառումները։
«Օգոստոսին, օրինակ, Հայաստանում անցկացվել են Ջենիֆեր Լոպեսի համերգը, ֆուտբոլային հանդիպումներ, սպորտային մրցաշարեր, միջազգային կոնֆերանսներ, փառատոններ։ Սիսիանում տեղի ունեցավ հայ-իրանական փառատոն, Երևանում՝ գարեջրի փառատոն։ Այս բոլոր միջոցառումները դրական ազդեցություն ունեն զբոսաշրջության վրա։ Դրանք նաև իմիջային մեծ նշանակություն ունեն։ Աշխարհը տեսնում է, որ եթե այստեղ անցկացվում են բազմահազարանոց ու մասշտաբային միջոցառումներ, ուրեմն՝ երկիրն անվտանգ է և ապահով։ Սա ևս երկրի գովազդ է՝ գրավչության, ապահովության և անվտանգության տեսանկյունից»,- նշեց մասնագետը։
Խոսելով Հայաստանի ներուժի մասին՝ Ապրեսյանը շեշտեց․
«Չնայած գրանցված աճին՝ մենք մեր զբոսաշրջային ռեսուրսների մոտ 20 տոկոսն ենք օգտագործում։ Ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ, որոնք պետք է առավել արդյունավետ կիրառել։ Դրա համար էլ արդեն իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Նոր ընդունված օրենքով ստեղծվել է ռեսուրսների գրանցամատյանի ինստիտուտ, որը պետք է գործարկվի, որպեսզի ունենանք ամբողջական տեղեկատվական բազա մեր ռեսուրսների վերաբերյալ։ Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել այդ ռեսուրսները։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք զբոսաշրջային արդյունքը և բազմազանեցնենք շուկաները»։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների հիմնական աղբյուրներին՝ առաջին տեղում Ռուսաստանն է, այնուհետև՝ Վրաստանը, Եվրոպական երկրները միասին վերցրած, Իրանը և ԱՄՆ-ը։ Ապրեսյանի խոսքով՝ հետաքրքրությունը գնալով աճում է նաև Պարսից ծոցի երկրներից, Հնդկաստանից ու Չինաստանից։
«Չինաստանից հետաքրքրությունը հատկապես մեծանում է, քանի որ ունենք ուղիղ չվերթեր։ Վերջերս բացվել է ուղիղ չվերթ նաև Քուվեյթից։ Նման հնարավորություններ կան նաև Ֆիլիպիններից և Կորեայից, և սա խոստումնալից զարգացում է Հայաստանի համար»,- նշեց նա։
Ապրեսյանը հիշեցրեց նաև առաջիկա կարևոր միջոցառման մասին․ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենիում տեղի կունենա գինու ավանդական փառատոնը, որն արդեն դարձել է բազմահազարանոց միջոցառում և գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարբեր երկրներից։