Ռուս-ադրբեջանական անբարյացկամությունը նոր երանգ է ստանում։ Նախօրեին ՌԴ-ում ձերբակալվել է ահաբեկչություններ ծրագրած Ադրբեջանի քաղաքացի: Հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն: Սա կարո՞ղ է հանգեցնել իրադարձությունների շղթայի՝ ներգրավելով մեր երկիրը։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը գրեթե հայելային է հակադարձում Մոսկվայի քայլերին, ենթադրելի է, որ Բաքվում առաջիկա օրերին հակաահաբեկչական օպերացիա կլինի, ռուսական լրտես կձերբակալվի, որը կմեղադրվի Ադրբեջանի դեմ գործելու մտադրության մեջ։ Եթե ՌԴ-ում ադրբեջանցու ձերբակալությունը պայմանավորված է վաշինգտոնյան պայմանավորվածություններով, ապա հնարավո՞ր է՝ հակաահաբեկչական գործողություններ լինեն նաև ՀՀ-ում։
ՔՊ խմբակցության ղեկավարը սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում ակնարկեց, որ եթե Բագրատ Սրբազանը չձերբակալվեր, ապա օգոստոսի 8-ի նախաստորագրումն ու մյուս պայմանավորվածությունները չէին լինի։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Այս մասին հանրությանը տեղեկացրեց Փաշինյանը, սակայն չհայտնեց, թե ինչ է քննարկել նրանց հետ հանդիպումների ժամանակ։
Փորձենք ընդհանրություն փնտրել Փաշինյանի և երեք պաշտոնյաների հանդիպումների, ՌԴ-ում ադրբեջանցի ահաբեկչի ձերբակալման և Բաքվի հավանական արձագանքի միջև։ Հաշվի առնելով այս երեքի պատասխանատվության շրջանակը, ենթադրելի է՝ թեման առնչվում է ռուսական հնարավոր սադրանքին և այն կանխելու գործողություններին։ Այս մտահոգությունը համահունչ է նաև ԱԺ նախագահի՝ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի մասին խոսքին։
Փաշինյանն ԱԱԾ պետին, հավանաբար, հարցրել է, թե ռուսական գործակալներից ովքե՞ր կարող են սադրանք կազմակերպել առաջիկայում։ ԱԱԾ պետն էլ, ենթադրաբար, զեկուցել է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Իրական ռիսկեր տեսանելի չեն։ Ռուսամետների ճամբարը արագորեն ամայանում է։ ԱԱԾ պետի զեկույցը, հավանաբար, չի բավարարել Փաշինյանին, և նա հավելյալ հետաքրքրվել է, թե Մոսկվան այստեղ ո՞ւմ միջոցով կարող է սադրանք իրականացնել։ ԱԱԾ պետն էլ, հավանաբար, ենթադրել է, որ հարցին գուցե կպատասխանի Արդարադատության նախարարը։
Արդարադատության նախարարին Փաշինյանը, հավանաբար, հարցրել է, թե քրեական աշխարհում կա՞ն մարդիկ, որոնք ռուսական սադրանքի գործիք կարող են դառնալ։ Նախարարն էլ, հավանաբար, պատասխանել է, թե այդպիսի ռիսկ չկա։ Քրեականների շրջանում կան քաղաքական հետաքրքրություն ունեցողներ, որոնք, սակայն, ողջամիտ են և ռուսների գործիք չեն դառնա։ Վերջում նախարարը, հավանաբար, ենթադրել է, որ ռուսական սադրանքը կարող է իրականացվել ուղղակի օտարի կողմից, ինչն արտաքին հետախուզության ծառայության ոլորտի թեմա է։
Ի վերջո՝ Փաշինյանը կանչել է Արտաքին հետախուզության ծառայության պետին և, հավանաբար, հարցրել՝ ՌԴ-ից սադրանքի ռիսկ կա՞, ռուսները կփորձե՞ն ցույց տալ, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Կրեմլի սրտով չեն։ ԱՀԾ պետն էլ, հավանաբար, Փաշինյանի համար ընթերցել է ռուսական մամուլի հրապարակումները, ընդգծելով ՌԴ ԱԳ նախարարի լուրջ մտահոգությունը վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ։
Այս երեք հանդիպումների ժամանակ էլ զրուցակիցները, հավանաբար, միակարծիք են եղել, որ աշխարհին պետք է համոզել, իբր Փաշինյանն առաջվանը չէ, առաջնային չի համարում ռուսական շահերը սպասարկելն, ինչպես անում էր, երբ ֆորպոստի վարչապետ էր։ Ուստի՝ եթե ՀՀ-ն անկախ քաղաքականություն է վարում, ապա օբյեկտիվ ռիսկ կա, որ ռուսերը կփորձեն սադրանքի դիմել։ Սակայն պարզ չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպե՞ս կփորձի կանխել օբյեկտիվ ռիսկը։ Սա բարդ խնդիր է, քանի որ արդեն ձերբակալել են բազմաթիվ մարդկանց, որոնց ռուսական գործակալ են որակում՝ առանց հիմնավոր ապացույցների։
Կարճ ասած՝ աշխարհի հետ ակնարկներով խոսելու, ժողովրդին պառակտելու և միմյանց դեմ լարելու, մարդկանց բանտերը լցնելու փոխարեն՝ Փաշինյանը կարող է արմատական քայլեր անել։ Օրինակ՝ կարող են լյուստրացիայի, ռուսական զորքերը դուրս հրավիրելու մասին նախագծեր բերել օրակարգ։ Այսկերպ օրենքով, խաղաղ կարող են փոխել քաղաքական մթնոլորտը երկրում և չեզոքացնել ՌԴ-ի կողմից հիբրիդային պատերազմի ու ենթադրյալ սադրանքների ռիսկերը շատ երկար ժամանակով։
Թաթուլ Մկրտչյան