Կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ դեր և նշանակություն ունեն իրավապահները։ Քաղաքականություն որոշողը այս պայքարում քաղաքական կամք է արտահայտում, որը դրսևորվում է նաև իրավապահների վարքով։
Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Սա լուրը ոգևորիչ է, միաժամանակ՝ հիասթափեցնող։ Մի կողմից ոգևորիչ է, որ կա հետևողական պայքար կոռուպցիայի դեմ։ Սակայն հիասթափեցնող է, որ կոռուպցիայի մեջ ներքաշվում են ՆԳՆ բարձրաստիճան ծառայողները։
Կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքայնություն դրսևորվել է բազմաթիվ երկրներում։ Ցանկության պարագայում՝ ՔՊ-ական իշխանությունները կարող են ընդօրինակել միջազգային փորձը։ Օրինակ՝ հարևան Վրաստանում Սաակաշվիլու կառավարման օրոք մարդը չէր կարող իրավապահին կաշառք առաջարկել։ Իրավապահն իրեն կաշառք առաջարկողին անմիջապես ու խիստ զգուշացնում էր, որ Վրաստանում կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի է։ Եթե առաջարկողը այդ զգուշացումը չէր հասկանում, ապա նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվում կաշառք առաջարկելու կասկածանքով։ Այսպիսով՝ ընդգծվում էր, որ Սաակաշվիլին կոռուպցիան արմատախիլ անելու սկզբունքային դիրքորոշում ու քաղաքական կամք ունի։ Այսօր էլ կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանը Հայաստանից բարվոք վիճակում է։
Հարկ է հասկանալ, որ կաշառք առաջարկող միշտ էլ կլինի։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կկասկածեն պաշտոնյայի սկզբունքայնության, ազնվության վրա, կկարծեն, թե պաշտոնյան չի դիմանա գայթակղությանն ու կաշառք կվերցնի և իրենց գործն առաջ կտանի։ Պաշտոնյան, քաղծառայողից մնչև քաղաքականություն որոշողը, պետք է սկզբունքորեն մերժեն կաշառք առաջարկողին, որ մարդիկ ազնիվ լինեն, չփորձեն կաշառք տալ, հովանավորչություն ստանալ և այլն։ Իսկ հիմա կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ-ում մրցույթները հաղթում են կաշառքով։ Եթե մարդը կարող է իրավապահներին կաշառք տալ, նշանակում է մարդը գիտի, որ իրավապահները կաշառակերությունը նորմալ են համարում։ Ավելին՝ կողմնակալ դիտորդը ողջամիտ կասկած կարող է հայտնել, որ ՆԳՆ երկու ծառայողները բացառություն չեն, կառավարման համակարգում շատերն են նորմալ համարում կաշառք վերցնելը։
Անուղղելի լավատեսները կարող են ասել, որ այսպիսի բացահայտումները հաղթանակ են և հույս են ներշնչում, որ այս ճակատում պայքարը շարունակվում է, կապիտուլյացիա ստորագրված չէ։ Իսկ քննադատները կարող են ասել, որ ՆԳՆ ծառայողների կաշառք վերցնելու փաստը կոռուպցիայի դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի պարտության ցուցիչն է։ Հարկ է ռեալ գնահատել ռիսկը։ ՆԳՆ-ն կառավարման համակարգի ամենամարդաշատ կառույցն է։ Ու եթե ՆԳՆ-ում կաշառք վերցնելն ու հովանավորչությունը ավանդույթ ու նորմալ դառնան, ապա հաջորդ փուլում կոռուպցիան համակարգային բնույթ կստանա, բերելով հետընթաց, խեղելով սոցիալ հոգեբանությունը, ստեղծելով տպավորություն, թե ՀՀ-ում ապրում են անազնիվ, անարդար մարդիկ, իսկ պաշտոնյաները սրիկա են։ Այս գործից հետո ինչքա՞ն ջանք պետք է թափեն իշխանությունները, որ վերականգնեն քաղաքացու հավատը, թե մրցույթներն արդար, ազնիվ են կազմակերպում, հաղթողն, իրոք՝ արդար է հաղթում։ Ինչքա՞ն պետք է չարչարվեն պաշտոնյաները, որ քաղաքացին վերգտնի հավատը ապագայի նկատմամբ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն այս առումով՝ պարտված է։ Սակայն կարող է քաղաքական կամք դրսևորել կոռուպցիայի դեմ պատերազմում, ռևանշի դիմել՝ առանց վախենալու ընտրող կորցնելուց։ Հարկ է գիտակցել նաև, որ ինչքան շատ լինեն ազնիվ ու արդար մարդիկ, այնքան կբարձրանա ընդհանուր բարեկեցության և համախառն ներքին երջանկության մակարդակը։ Այդպիսի ժողովուրդը հարգանք է վայելում աշխարհում, այսպիսի երկիր են հոսում արտաքին ներդրումները, այսպիսի երկրի քաղաքացիների առաջ են բացվում օտար երկրների դռներն ու շուկաները։
Թաթուլ Մկրտչյան