Ներքին 10 ամիս առաջ - 09:07 26-08-2025

Մարդու՝ դատարան դիմելու իրավունքը սահմանափակվեց 

Օրեցօր բարդացնում են դատարան դիմելու գործընթացը։ Oգոստոսի 25-ից Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ի՞նչ հետևանքներ կունանա այս նոր սահմանափակումը։

Քաղաքացի-պետություն վեճերը քննվում են Վարչական դատարանում։ Այսինքն՝ երբ ոստիկանը, պաշտոնյան, վարչական մարմինը քաղաքացու նկատմամբ անարդար է վարվում, ապա քաղաքացին իրավունք ունի իր իրավունքները պաշտանել Վարչական դատարանում։ Այս փոփոխությունից հետո շատերը պարզապես կզրվեն այդ իրավունքից, որովհետև քաղաքացիների մի մասը էլեկտրոնային ստորագրություն չունի, համակարգչից, համացանցից օգտվելու հմտություններ չունի։ Չինովնիկների անարդարություններին բախվում են նաև տարեց, աղքատ, գործազուրկ մարդիկ։ Ու այս սահմանափակման արդյունքում նրանց մի մասը փաստացի կզրկվի պաշտպանվելու իրավունքից։

Իհարկե՝ ամեն ինչ աստիճանաբար էլեկտրոնային է դառնում, հասարակությունները թվայնացվում են։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից բազմաթիվ ազգեր, օրինակ՝ Էստոնիան, մեզնից շատ առաջ է թվայնացման հարցում։ Այնտեղ նույնիսկ կոմունիզմի զոհերի թանգարան կա, որտեղ այցելել է ու զարմացել Նիկոլ Փաշինյանը։ Սակայն Էստոնիայի հետ համեմատվելուց առաջ նախ պետք է հասկանալ Հայաստանի յուրահատկությունները։ Առաջին հայացքից ենթադրելի է, որ Վարչական դատարան դիմելը թվայնացնելը հասարակության թվայնացման ծրագրի փուլ է։ Սակայն կասկած կա, որ սա արվում է այլ նպատակով։

Ակնհայտ է, որ սրանից շահելու են ՔՊ-ական չինովնիկները։ Նրանց մի մասը տգետ են, անդաստիարակ, անպատասխանատու։ Եթե Վարչական դատարան դիմելը ամբողջությամբ թվայնացվի, ապա նրանց դեմ հայցերը, բողոքները կպակասեն։ Բազմաթիվ մարդիկ չեն դիմի դատարան, և անարդար, անպատասխանատու չինովնիկներն անպատիժ կմնան։ Պարզ ասած՝ թվայնացման քողի տակ խոչընդոտներ են ստեղծում մարդկանց համար ու փաստացի սահմանափակում Վարչական դատարան դիմելու իրավունքը, որ ՔՊ-ական պաշտոնյաների դեմ հայցերը պակասեն։ Այսպիսի կասկածներն ու հանդիմանանքները ցրելու համար այս սահմանափակումը, հավանաբար, կտարածեն բոլոր դատարանների, հետո նաև ամբողջ իրավապահ համակարգի վրա։ Այսինքն՝ մարդը նաև ոստիկանություն, դատախազություն կարող է դիմել միայն էլեկտրոնային համակարգով։

Երբ մարդիկ տարբեր պատճառներով չկարողանան դիմել դատարան, իրավապահին, արդարադատության համակարգին, ապա կծաղկի քրեական ենթամշակույթը։ Ուրիշ ինչպե՞ս կարող է մարդն իր իրավունքն ու արդարությունը պաշտպանել։ Եթե քաղաքացին դատարան, դատախազություն, ոստիկանություն դիմելու արհեստական խոչընդոտները չկարողանա հաղթահարել, ապա փորձելու է իր իրավունքները պաշտպանել քրեական հեղինակության աջակցությամբ։ Արդյունքում՝ քրեական հեղինակությունների հեղինակությունն ավելի կբարձրանա, իսկ քաղաքացու վստահությունը դատարանի նկատմամբ կընկնի։ Մարդիկ գուցե անդառնալի կորցնեն հավատը արդարադատության հանդեպ։

Կարճ ասած՝ Վարչական դատարան դիմելը թվայնացնելը հատվածական մոտեցում է, հարված է քաղաքացիական հասարակությանը, ռիսկային է։ Աղքատ, գործազուրկ, տարեց, սոցիալապես խոցելի մարդիկ էլեկտրոնային համակարգով դիմելու դժվարություններ ունեն։ Նրանք դատարանում պաշտպանվելու իրավունքից փաստացի կզրկվեն։ Ու կարող է տպավորություն ստեղծվել, թե Նիկոլ Փաշինյանը ոչ թե թվայնացնում է հասարակությունն, այլ միտումնավոր է գործում ժողովրդի դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված