Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:05 23-08-2025

Օգոստոսի 23-ի քաղաքական նշանակությունը   

1990-ի օգոստոսի 23-ին ընդունվեց 12 կետերից կազմված Հռչակագիր Հայաստանի անկախության գործընթաց սկսելու մասին:

Այս շրջանում բախտակից բազմաթիվ երկրներ արդեն հռչակվել էին անկախ։ Այս առումով՝ հռչակագիրը 1 տարով հետաձգեց Հայաստանի անկախացումը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ ՀՀՇ-ն ժամանակ էր ձգում։ ՀՀ-ն իրապես անկախ հռչակվեց 1991-ի Սեպտեմբերի 21-ին։ Այնինչ՝ կարող էր անկախանալ արդեն 1990-ի օգոստոսի 23-ին, ինչպես պահանջում էին անկախականները, քանի որ ձգձումը անվտանգային, աղետալի ռիսկեր է առաջացնելու, գցելու էր հայ ժողովրդի վարկն աշխարհում, ռուս զավթիչների համար ռևանշի դուռ էր բացելու։

Փաստաթղթի նախաբանում ասվում էր, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հռչակագրի 1-ին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը: 2-րդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ 4-րդով նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ 5-րդ կետում ասվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ 9-րդ կետով՝ Հայաստանն իր տարածքում ապահովում էր խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում: 11-րդ կետում Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: Այս առումով՝ Անկախության հռչակագիրը կատարում էր Սահմանադրության գործառույթ։

1991-ի Սեպտեմբերի 21-ին անցակցված հանրաքվեն արդեն հակասեց Օգոստոսի 23-ի նախաբանին, քանի որ Արցախում ընտրական տեղամասեր չբացվեցին, Արցախը չմասնակցեց Սեպտեմբերի 21-ի հանրաքվեին։ Այսինքն՝ հաշվի չառան Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին Դեկտեմբերի 1-ի որոշումը։ Հետագայում խախտվեց նաև 5-րդ կետը՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունը հանձնվեց ռուսներին։ Որոշ առումով խախտվեց նաև 6-րդ կետը, ՀՀ-ն անկախ արտաքին քաղաքականություն չէր վարում, այլ վարվում էր ռուսների թելադրանքով։

Կարճ ասած՝ Օգոստոսի 23-ը մեր պետության ակյունաքարն է։ Այս փաստաթղթում առաջին անգամ Հայաստանն անկախացնելու կամք է դրսևորվել, ցույց է տրվել, որ հայ ժողովուրդը ձգտում է անկախության, պետություն ունենալու, ազգ դառնալու։ Հռչակագիրն, ըստ էության՝ խորհրդանշական բնույթ է կրել։ Բայց քանի որ ներառված է ՀՀ սահմանադրության նախաբանում, ունի հիմնարար նշանակություն։ Եվ այդպես էլ կշարունակվի, քանի դեռ չի փոփոխվել Սահմանադրության նախաբանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով