Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:00 21-08-2025

Աննա Հակոբյանը բանտարկյալներին էլ է կրթում, Փաշինյանի փոխատեղումները, Ալիևը հոխորտում է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան օրն է, նա դարձավ 73 տարեկան։ «Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով: Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»,-ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հրապարակած շնորհավորական խոսքում։ Ծննդյան օրվա կապակցությամբ Վեհափառին շնորհավորել են տարբեր քաղաքացիներ, հանրային գործիչներ, ինչպես նաև օտարերկրյա ղեկավարներ։ Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվեց, թե՞ ինչ կմաղթեն Վեհափառին։ Քաղաքացիները հիմնականում առողջություն և համբերություն մաղթեցին, մի քաղաքացի էլ նկատեց, որ միշտ կաթողիկոսներն են հաղթել, ոչ թե պատահական ընտրված թերուս մարդիկ։

Նիկոլ Փաշինյանի կաբինետում փոխատեղումներ են։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտնեց, որ պատգամավորական մանդատից երեկ հրաժարված Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ «Ասեմ ավելին՝ Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- նշել է նա։ Թորոսյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ 2021թ. հունվար–հուլիս ժամանակահատվածում եղել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, իսկ Արեն Մկրտչյանը 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր է եղել՝ կառավարող «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցուններից։

Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնել է, որ Հայաստանը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն: Ավելի վաղ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ «Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս մեր գնահատականն այս պահին սա է»,- ասաց Փաշինյանը։ Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները կշարունակեն օպերատիվ իրավիճակի վերլուծությունը սահմանին, և կառավարության արձագանքը համարժեք կլինի: Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է սահմանային անցման կետերում ցանկացած պարզեցումների, որոնք տեղավորվում են հաստատված 5 սկզբունքների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։ «Պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ սահմանային և մաքսային հսկողության այն ձևերը, որոնք ծանոթ են նախորդ տասնամյակներից, աշխարհի զարգացած երկրներում այլ գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրերը, թվային տեխնոլոգիաների զարգացումը թույլ են տալիս առաջնորդվել այլ ընթացակարգերով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բռնազավթված Արցախում էր, որտեղ նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, իսկ ստորագրված փաստաթղթերը լիովին բխում են Բաքվի շահերից։ Նա ընդգծել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին նա կրկին մեղադրել է անգործության մեջ, «իր վերջին օրերն է ապրում»։ «Մենք հասանք նրան, ինչ ուզում էինք։ Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացի որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, այժմ մոտ է նրա ավարտը»,- ասել է Ալիևը։ Նա նաև հայտնել է, որ Նախիջևանում ամբողջությամբ կարդիականացվի երկաթուղին, իսկ Հայաստանի տարածքում, նրա խոսքով, նախատեսվում է նոր ուղիներ կառուցել։ «Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի հերթական պատմական հաղթանակն է»,- հոխորտացել է Ալիևը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»