Ներքին 9 ամիս առաջ - 09:30 21-08-2025

18 արդարները կազատվեն, երբ Փաշինյանը կհաղթահարի վախը

ՔՊ-ն առանձնակի մարդատյացություն է դրսևորում։ Դատարանն օգոստոսի 20-ին որոշեց 18 արդարների գործով անցնող Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով:

Ինչո՞ւ երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքը, և երբ ազատ կարձակվեն 18 արդարների գործով կալանավորվածները։

Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը միացել էին ԱԺ 5 պատգամավորներ։ Դատարանն այսպիսով ցույց տվեց, թե չի հարգում ԱԺ-ն։ Այդքան անարժե՞ք է պատգամավորի մանդատը ՀՀ-ում։ Այսպիսի բան հնարավոր է զավթված երկրում, բռնապետությունում, որտեղ քաղաքական ինստիտուտները ձևական բնույթ են կրում, և պաշտոնյաները չեն առաջնորդվում քաղաքական բարոյականությամբ, արժեքներով, այլ թելադրանքով։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ԱԺ 5 պատգամավորների երաշխավորությունն արհամարհելու և Լիդյա Մանթաշյանին կալանքի տակ թողնելու որոշումն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի թելադրանքով։

Առասպելներում, էպիկական ժանրի ստեղծագործություններում կինը ժողովրդի խորհրդանիշն է։ Ռոմանտիզմի ազդեցությամբ՝ կնոջը վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին ժողովրդի հետ, քանի որ կինն ասոցիացվում է ժողովրդի հետ։ Այս համեմատությամբ՝ 18 արդարների գործով Լիդյա Մանթաշյանը ժողովրդի խորհրդանիշն էր։ Լիդյա Մանթաշյանին կալանքի տակ թողնելու որոշումը ցույց է տալիս ՔՊ-ական իշխանության ժողովրդատյաց դեմքը։

Կնոջ նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը, նրա իրավունքների պաշտպանությունը ժողովրդավարական ցուցիչ է։ ԵՄ զեկույցները պարբերաբար անդրադառնում են կանանց ներգրավվածության և իրավունքների խնդրին։ Մեծ դրամաշնորհներ են հատկացվում կանանց հանրային դերը բարձրացնելուն ուղղված ծրագրերին։ Լիդյա Մանթաշյանը հանրային ակտիվություն է ցուցաբերել։ Այս առումով՝ նրա կալանքը երկարաձգելու որոշումը ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունները չեն առաջնորդվում ժողովրդավարության սկզբունքներով, և ՀՀ-ում կինը պաշտպանված չէ, կնոջ հանրային ակտիվությունը անողոք պատժվում է։

Ի տարբերություն նման մեղադրաքներով այլ գործերի, 18 արդարների գործն, ըստ իրավաբանների՝ ամբողջությամբ անհիմն է։ Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը վախենում էր, որ Բագրատ Սրբազանը կարող է բողոքի ցույցեր կազմակերպել խաղաղության համաձայնագրի կամ միջանցքի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը զուգահեռ, դրանք որակելով ապապետական, հակաժողովրդական, պարտվողական և այլն։ Այդպիսով՝ կարող էր ստեղծվել պատկեր, թե հայ ժողովուրդը դեմ է այդ փաստաթղթերին։ Այդ վախերի տակ են կալանավորել 18 արդարներին։ Սակայն օգոստոսի 8-ին նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, հրապարակվել է նրա տեքստը, միջանցքն էլ հանձնվել է Թրամփին։ Հանրային լայնածավալ հուզումներ, Փաշինյանին տապալելու լուրջ քայլեր չկան։ Փաշինյանի գնահատմամբ՝ «մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության համաձայնագրի տեքստը»։ Հետևաբար՝ 18 արդարներին կալանքի տակ պահելու իմաստը ո՞րն է։

Ակամա կասկած է առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտունում իր դրած ստորագրությունը չի գնահատում, Թրամփին չի վստահում, չի հավատում, որ խաղաղությունն արդեն եկել է, Հայաստանը փոխվել է, «մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության համաձայնագրի տեքստը»։ Չնայած՝ բոլոր երկրներն, այդ թվում՝ Մոսկվան, ողջունել են վաշինգտոնյան համաձայնագրերը, սակայն Փաշինյանը, կարծես՝ դեռ վախենում է, որ Մոսկվան կարող է տապելել իրեն, ինչպես 2018-ին տապալեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, ու Փաշինյանին կարգեց ֆորպոստի վարչապետ։

Կարճ ասած՝ 18 արդարները կալանքից կազատվեն, երբ Նիկոլ Փաշինյանը հաղթահարի վախը, իրապես հավատա, որ Թրամփի միջնորդությունը լուրջ է, խաղաղությունն արդեն եկել է, հետևաբար՝ ինքը ժողովրդին ատելու, ժողովրդից վախենալու, 18 արդարների ազատությունը սահմանափակելու պատճառ չունի։ Այսինքն՝ քանի դեռ 18 արդարները կալանքի տակ են, ապա հիմք կա ենթադրելու, որ ո՛չ խաղաղության կա, ո՛չ էլ Թրամփի միջանցք, միայն վախից կծկված Նիկոլ Փաշինյան։ Եվ հակառակը՝ 18 արդարներին ազատ արձակելով, կապացուցվի, որ ՀՀ իշխանությունը ժողովրդի հետ ներդաշնակ է, և Փաշինյանը չի ստում՝ խաղաղությունն, իրոք, եկել է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը