Ներքին 1 տարի առաջ - 21:28 10-08-2025

Սիրիայի փոքրամասնությունները սահմանադրական երաշխիքներ են պահանջում

Սիրիայի տարբեր էթնիկ և կրոնական խմբերի հարյուրավոր ներկայացուցիչներ կոչ են արել ստեղծել ապակենտրոնացված պետություն և մշակել նոր սահմանադրություն, որը կերաշխավորի կրոնական, մշակութային և էթնիկ բազմակարծությունը, հայտնում է Euronews-ը։

Հայտարարությունն արվել է մեկօրյա համաժողովի արդյունքներով, որին հավաքվել էին Սիրիայի փոքրամասնությունների շուրջ 400 ներկայացուցիչներ, որոնք փորձում էին պաշտպանել իրենց համայնքների իրավունքները երկրի քաղաքական համակարգում, որը ձևավորվում է նախագահ Ասադի անկումից հետո։

Անցումային շրջանը ենթադրում է սեպտեմբերին նախատեսված ընտրություններ և սահմանադրության մշակում՝ մի գործընթաց, որը կարող է տարիներ տևել։ Մինչև օրս ապագա Սիրիայի կառուցմանն ուղղված շարժումը մթագնվել է փոքրամասնությունների նկատմամբ բռնության դրվագներով։

Համաժողովի պատվիրակները դատապարտել են կառավարամետ խմբավորումների կողմից երկրում բնակվող փոքրամասնությունների, առաջին հերթին՝ ալավիների, դրուզների և քրիստոնյաների նկատմամբ բռնության վերջին դեպքերը և հայտարարել, որ դրանք հավասարազոր են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների։

Սիրիայի ալավիական փոքրամասնության հոգևոր առաջնորդ Ղազալ Ղազալը կոչ է արել երկրում ստեղծել կառավարման այնպիսի ձև, որը կպաշտպանի սիրիացի ժողովրդի բոլոր շերտերի կրոնական և մշակութային իրավունքները։

Համաժողովն անցկացվել է Էլ Հասաքեում՝ Սիրիայի հյուսիս-արևելյան քաղաքում, որը գտնվում է քրդերի գլխավորած և ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» վերահսկողության ներքո։ Ինքնավար վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա, իրավապաշտպան և դիվանագետ Իլհամ Ահմադը հայտարարել է, որ հույս ունի տեսնել մշակութային և էթնիկ բազմակարծության վրա հիմնված պետության ծնունդը։ «Այս համաժողովը քաղաքացիական խաղաղության և ազգային հաշտեցման ազդանշան է ուղարկում»,- ասել է նա։
2024 թվականի դեկտեմբերին Ասադների դինաստիայի անկմանը հաջորդած՝ փոքրամասնությունների նկատմամբ բռնության հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ ամբողջ երկրում ցնցումների ալիք է բարձրացել։ Բռնությունները տեղի են ունեցել՝ չնայած ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաայի՝ բոլոր սիրիացիների նկատմամբ հավասար վերաբերմունք երաշխավորելու խոստումներին։

Համաժողովի կազմակերպիչներից մեկը հայտարարել է, որ «բռնատիրական ռեժիմները» և կենտրոնացված կառավարությունները ձախողվել են, և որ ժողովրդավարական ու ապակենտրոնացված պետությունը, որի հետ համաձայն են բոլոր սիրիացիները, առաջ շարժվելու միակ ճանապարհն է։ «Սիրիական ինքնությունը ներառում է բոլոր սիրիացիներին»,- նշել է պատվիրակը։

Դամասկոսում ժամանակավոր կառավարությունը չի մեկնաբանել համաժողովը և դրա ընթացքում առաջ քաշված պահանջները։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ