Սպիտակ տան ազդարար համարվող Washington Repoter պարբերականը գրում է.
«ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդել է կնքել պատմական խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկու երկրների, որոնք նախկինում եղել են Սովետական Միության կազմում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպելու են նախագահ Թրամփի հետ և ստորագրելու են այդ պատմական փաստաթուղթը։
Սակայն 9300 կիլոմետր (5,800 մղոն) հեռավորության վրա՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդման սկանդալը արդեն հասել է Վաշինգտոն՝ մտահոգություններ առաջացնելով թե՛ Կոնգրեսում, թե՛ Թրամփի վարչակազմում։
Ցուցարարները հավաքվել են այն հյուրանոցի դիմաց, որտեղ մնում է Հայաստանի վարչապետը, և աղբյուրները The Washington Reporter-ին հայտնել են, որ նրանք պատրաստվում են ուրբաթ օրը բողոքի ակցիա անցկացնել նաև Սպիտակ տան դիմաց։
2025 թվականի հունիսից Փաշինյանը սաստկացրել էր իր քննադատությունը Հայ առաքելական եկեղեցու հասցեին, որը հայ ժողովրդի պատմական ինքնության մաս է։
Սոցիալական մեդիայի իր գրառումներում նա քննադատել էր եկեղեցուն ու հոգևորականությանը և առաջարկել ստեղծել «համակարգող խորհուրդ», որը պետք է կազմակերպեր նոր կաթողիկոսի ընտրությունը։ Նա դիմել էր հանրությանը՝ կոչ անելով աջակցել իրեն և «ազատագրել կաթողիկոսարանը ու անցկացնել նոր ընտրություններ»։ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածում, սակայն, հստակ գրված է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն «անջատ է պետությունից»։ Կրոնական ազատությունների հարցերով փորձագետներից մեկը Reporter-ին ասել է. «Սա Հայաստանի Սահմանադրության բացահայտ խախտում է. վարչապետը հարձակվում է եկեղեցու վրա, և դա վատ ազդեցություն ունի»։
Սամվել Կարապետյանը իր ընտանիքի հետ հունիսի 14-ին ժամանել էր Հայաստան՝ միակ նպատակը մասնակցելն էր եկեղեցական արարողությանը, որը արվելու է ի հիշտակա իր հոր։ Ըստ հայկական ավանդույթի անձի մահից 40 օր անց հավաքվում են ու հարգում հիշատակը: Երեք օր անց, հենց այդ արարողությունից հետո, նրան մոտեցել էր մի լրագրող, և նա հարցազրույցում, որպես Հայ առաքելական եկեղեցու երկարամյա աջակից, արտահայտել էր իր մտահոգությունը Կառավարության և եկեղեցու միջև աճող լարվածության մասին։
Կարապետյանը հայտարարել էր իր աջակցությունը եկեղեցուն և պատրաստակամությունը այն պաշտպանելու։ Մասնավորապես, նա ասել էր. «Եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք մեր ձևով կմասնակցենք այս ամենին»։
Կարապետյանին մոտ կանգնած շրջանակները Reporter-ին հայտնել են, որ նա իսկապես մտահոգված էր այս հակամարտությամբ և հեռու քաղաքականությունից։ Սակայն հենց այդ հարցազրույցից հետո վարչապետը Facebook-ում հետևյալ սպառնալից գրառումն էր կատարել. «Սա ձեր համար Կալուգայի Նիժնի Տապիր գյուղը չէ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը կպահպանվի ձեր բերանում»։ Կարապետյանի դաշնակիցները դա համարել են ուղղակի սպառնալիք թե՛ նրա անձի, թե՛ նրա բիզնեսների հանդեպ։
Այդ գրառումներից անմիջապես հետո նույն օրը իրավապահները խուզարկություն էին անցկացրել Կարապետյանի Երևանի բնակարանում։ Հետագայում դատարանը դա անօրինական էր ճանաչել։ Դրանից հետո Կարապետյանը ձերբակալվել էր և մեղադրվել պետության իշխանությունը զավթելու հանրային կոչեր անելու մեջ։ Հուլիսին նրան հրաժարվել էին գրավով ազատ արձակել։ Խուզարկության օրը վարչապետը նոր գրառում էր արել Facebook-ում. «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»:
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը Reporter-ին ասել է. «Ակնհայտ է, որ վարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին հատուկ քաղաքականություն։ Նրան խուզարկել և հետապնդել են միայն այն բանի համար, որ արտահայտել է իր կարծիքը և պաշտպանել իր հավատը։ Սա ամպ կդառնա նրա գլխին, երբ նա գալիս է Վաշինգտոն»։
Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ. Տիպոգրաֆը Reporter-ին ասել է. «Կարապետյանի դեմ քրեական հետապնդումը հիմնված է ոչ թե բռնության կամ դավադրության վրա, այլ խոսքի՝ նրա՝ 2025 թվականի հունիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության և Կառավարության գործողությունների քննադատության վրա։ Շատ կարճ ժամանակ անց վարչապետ Փաշինյանը վրեժխնդիր գրառումներ է արել սոցիալական մեդիայում, որին հետևել են խուզարկությունը և ձերբակալությունը։ Հետագայում առաջադրվել են ապօրինի իշխանազավթման և ֆինանսական հանցագործությունների մեղադրանքներ՝ առանց փաստական ապացույցների»։
Կարապետյանի ձերբակալությունից մի քանի ժամ անց Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը կազգայինացնի ՀԷՑ-ը, որը Կարապետյանի «Տաշիր» կազմակերպությունը ղեկավարում է 2015 թվականից։ Կարապետյանների ընտանիքը դատական հայցում նշել է, որ կառավարության գործողությունները «կամայական, խտրական, քաղաքականապես մղված են և ուղղված են Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ից զրկելուն»։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը հավելել է. «Սա նույն «Թիշ Ջեյմսի» ձեռագիրն է հիշեցնում։ Սկզբում հետապնդիր քո հակառակորդին, ինչպես արեցին Թրամփի դեպքում, հետո փորձիր խլել նրա ունեցվածքն ու բիզնեսները։ Սա մարքսիստական է՝ ցանկացած խելամիտ մարդու համար»։
Կարապետյանի փաստաբան Տիպոգրաֆը նշել է. «Հայաստանի Կառավարությունը փորձում է արագացված խորհրդարանական գործընթացով բռնագրավել ՀԷՑ-ը։ Նրա դեմ հետապնդումը տեղավորվում է ճնշումների և քաղաքական վրեժխնդրության շրջանակներում։ Նրան զրկում են դատավարական իրավունքներից, ինչը վկայում է Հայաստանի ժողովրդավարական մակարդակի և դատական անկախության անկման մասին»։
Այս մտահոգությունները հասել են նաև Կոնգրես։ Ավագ սենատականի օգնականը Reporter-ին ասել է. «Հայաստանը շատ առումներով կախված է ԱՄՆ-ից։ Եվ երբ Հայաստանը ավելի շատ իրեն պահում է Սովետական Միության, քան ազատ երկրի նման, մեկից ավել սենատոր մտածում է, որ պետք է վերանայենք ԱՄՆ–Հայաստան հարաբերությունները»։