Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 14:00 08-08-2025

Հայաստանը հրաժարվել է դիմադրությունից, հայերին հիասթափություն է սպասվում․ ինչ է գրում միջազգային մամուլը

Սպիտակ տանը այսօր սպասվող Փաշինյան-Թրամփ, Ալիև-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումները միջազգային մամուլի գլխագրերում են։ Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են կայանալիք բանակցություններին, ինչպես նաև իրենց աղբյուրներին հղումով որոշ մանրամասներ գաղտնազերծել։

Oragir.News-ն առանձնացրել է այս թեմայով միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումներից որոշները․

Ամերիկյան CBS News-ը, հղում անելով իր 2 աղբյուրներին, գրում է՝ Հայաստանը մտադիր է հայտարարել, որ ԱՄՆ-ին է հանձնում 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքը․ «Հայաստանը մտադիր է հայտարարել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար նախատեսված Թրամփի երթուղու» 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքներն ԱՄՆ-ին փոխանցելու մասին, որը կնպաստի Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը»։

Բրիտանական Guardian-ն էլ հայտնում է, որ նախատեսվում է, որ տարանցիկ միջանցքը կներառի երկաթուղու, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժը։ Պարբերականի տեղեկություններով՝ ըստ համաձայնագրի՝ դրա կառուցման գումարը տրամադրվելու է ոչ թե Միացյալ Նահանգների, այլ՝ մասնավոր կորպորացիաների կողմից:

Ամերիկյան Axios-ն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայկական կողմը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ «Ամերիկացիներն այս նոր առևտրային ուղուց տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, որը իրենց սեփականն էին համարում»,- նշվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ-ն այս հարցով սկսել է զբաղվել մարտից, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անակնկալ մեկնել է Բաքու։ Ըստ աղբյուրի՝ առաջարկը եղել է Քաթարի կառավարության կողմից։ «Բաքու այցելելուց հետո Ուիթքոֆը հանձնարարել է այս հարցը իր թիմի անդամ, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մտերիմ, ռաբբի Արիե Լինգսթոնին, ով հինգ անգամ այցելել է տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Թրամփի վարչակազմն, ըստ ամերիկյան պարբերականի, Փաշինյանին փոխանցել է՝ եթե նա թույլ տա, որ ԱՄՆ-ն զարգացնի տարանցիկ միջանցքը, ապա ի դեմս Վաշինգտոնի կգտնի «բարեկամ ու հզոր պատնեշ՝ Ադրբեջանի կողմից հետագա ներխուժումների դեմ»։

Politico-ն էլ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով գրում է, որ Հայաստանը համաձայնել է 99 տարով ԱՄՆ-ին տրամադրել «Զանգեզուրի միջանցքի» զարգացման բացառիկ իրավունքը: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կզարգացնի երկաթուղային, նավթային, գազի, օպտիկամանրաթելային, ինչպես նաև հնարավոր է, էլեկտրաէներգիայի փոխանցման գծերը՝ միջանցքի երկայնքով:

Պարբերականի փոխանցմամբ՝ համաձայնագիրը հիասթափեցնի բազմաթիվ հայերի, քանի որ դրանում, ակնհայտորեն, բացակայում են պատմականորեն հայկական անկլավից (Արցախից-խմբ․) մարդկանց տեղահանման, նաև ռազմագերիների հարցերին անդրադառնալու կոնկրետ դրույթներ։

Նշվում է, որ բացի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհից Ադրբեջանն այսօր նաև մի շարք արտոնություններ կստանա ԱՄՆ-ից։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն կվերացնի Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումները՝ չեղյալ հայտարարելով անկախությունից անմիջապես հետո ընդունված 907-րդ բանաձևը, որն արգելում էր ամերիկյան ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ «Չնայած Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահները սառեցնում էին այդ դրույթը, սակայն այն մնում էր Վաշինգտոնի գործիքակազմում, ինչից նախագահ Ալիևը պարբերաբար դժգոհում ու նեղսրտում էր»,- ասվում է հրապարակման մեջ։

«Քարնեգի» կենտրոնի վերլուծաբաններն էլ ուշադրություն են հրավիրում այն բանին, որ ավանդաբար երբ միջնորդ-մայրաքաղաքներից մեկը փորձում է առաջնորդել խաղաղության գործընթացը, մրցակից մայրաքաղաքները արձագանքում են՝ հաճախ խափանելով առաջընթացը։ «Առաջնորդությունն իր ձեռքը վերցնելով՝ Վաշինգտոնը Մոսկվային և Թեհրանին, ինչպես նաև տեղական և համաշխարհային մակարդակով հնարավոր այլ հակառակորդներին պատրվակ կտա՝ խոչընդոտել և բարձրացնել հնարավոր խաղաղության համաձայնագրի քաղաքական գինը»,- նկատում են նրանք։

Euronews-ն էլ գրում է, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ուժգին ուղերձ կուղարկի Մոսկվային առ այն, որ երկու երկրները պատրաստ են գտնել տարաձայնությունների լուծումը առանց Ռուսաստանի՝ հավելելով, որ բանակցությունների օրակարգում բանակցային օրակարգում առանցքային հարցն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։

Թուրքական կողմը ևս ոգևորված է Վաշինգտոնում սպասվող հանդիպմամբ ու դրա արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածություններից։ Մասնավորապես՝ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը գրում է, որ Թուրքիան այս գործարքում նշանակալի դեր է ունեցել, սակայն նախընտրել է լուռ գործել։ «Թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը, վերջին ամիսներին լայնորեն համագործակցել են Բաքվի և Երևանի հետ։ Անկարան աջակցել է հաղորդակցման ուղիների նախագծերին, մասնավորապես նրանց, որոնք համապատասխանել են «Զանգեզուրի միջանցքի» իր տեսլականին, պայմանով, որ դրանք նպաստեն երկարատև խաղաղությանը»,- հայտնում է հեռուստաալիքը։