Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:20 30-07-2025

QR թղթերը վերացնելն ամոթալի է. Ավինյանը կրկին սխալվում է

Հիասթափեցնող է, երբ ՀՀ իշխանությունների որոշումներում բացակայում է մարդասիրությունը, արհամարհվում են մարդու իրավունքները, անտեսում մարդու հնարավորությունները։ Սա հակաժողովրդավարական մոտեցում է։ Այսպիսի բան նույնիսկ հետամնաց երկրներում չկա։

Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան տրանսպորտի ուղեվարձի վճարման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը:

Ինչո՞ւ են այսպիսի հակամարդասիրական քայլ անում, և ի՞նչ կփոխվի արդյունքում։

Թղթային տարբերակն ամենամատչելին ու ամենադյուրինն է։ Դրանից են օգտվում պատանիները, ուսանողները, օտարերկրացի զբոսաշրջիկները, ներգաղթյալները, ԴԱՀԿ-ի տակ մնացածները։ Եվ վերջապես՝ վճարման այդ եղանակից են օգտվում սոցիալապես անապահով մարդիկ, որոնք դժարությամբ են 300 դրամ վճարում ու երկու թղթային տոմս գնում։

ՀՀ քաղաքացիների մի մասը բանկային քարտ չունեն, քանի որ չվճարված պարտավորություններ ունեն։ Եթե բանկային քարտ հանեն, ապա շատ կարճ ժամանակում ԴԱՀԿ-ն այդ մասին կիմանա և կքերի այնտեղ եղած վերջին կոպեկը։ Թղթային տարբերակը վերացնելով, քաղաքապետարանն այս խումբ մարդկանց արհամարհո՞ւմ է։

Պատանիները պարտավոր են վճարել երթևեկության համար։ Նրանք չունեն բանկային քարտ, քանի որ բանկային քարտ հանելու համար անհրաժեշտ են անձնագիր, սոցքարտ, որոնք տրամադրվում են օրենքով սահմանված տարիքային շեմը լրանալուց հետո։ Պատանիները օգտվում են տրանսպորտից, դասի են գնում, մարզական կամ երաժշտական պարապմունքի։ Նրանց մեծ մասն օգտվում է վճարման թղթային տարբերակից։ Թղթային տարբերակը վերացնելով, Ավինյանը պատանիներին հաշվի չի առնո՞ւմ, թե՞ արհամարհում է նրանց։

Մարդկանց մի մասն աղքատ է, չի կարող մի քանի հազար դրամ վճարել և տրանսպորտային քարտ գնել։ 2023 թվականի տվյալներով ՀՀ բնակչության 23.7%-ը աղքատ է։ Քաղաքներում աղքատ է բնակչության 21.5%-ը։ Երեխաների 31.7%-ն է աղքատ, նրանցից 1.8%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Աղքատների մի մասը որևէ արտոնություն չունի։ Նրանք հազիվ կարողանում են թղթային տոմսով վճարել։ Օգոստոսի 1-ից այդ չեն կարող անել։ Քաղաքապետարանն արհամարհո՞ւմ է նրանց։

Անհարմար իրավիճակում են հայտնվելու օտարերկրացիները, որոնք 1-2 օրով են Հայաստան այցելում։ Նրանք այդքան ժամանակ չեն կարող վատնել բանկային քարտ հանելու համար, չեն կարող իրացնել նաև տրանսպորտային քարտով ձեռք բերված տոմսերը։ Ներգաղթյալները ևս դժվար իրավիճակում են հայտնվելու։ Նրանց մի մասը ողորմելի տեսք ունի, սակայն կարողանում են թղթային տոմսերով վճարել ուղեվարձը։ Քաղաքապետարանը տուրիզմին ու ներգաղթյալներին դե՞մ է։

Ենթադրելի է, որ քաղաքապետարանը քաղաքացու, մարդու համար չի անում այս փոփոխությունն, այլ հնարավորինս շատ գումար կորզելու։ Թղթային տարբերակը հանելու արդյունքում մարդիկ ստիպված են լինելու մի քանի հազար դրամ վճարել և տրանսպորտային քարտեր գնել։ Ավինյանը, հավանաբար, կարծում է, թե այսպիսով՝ ավելի շատ փող կարող է հավաքել, քան թղթային տոմսերով։

Կարճ ասած՝ թղթային QR կոդերով ուղեվարձը վճարելու հնարավորությունը վերացնելը հակաժողովրդավարական է, հակամարդասիրական։ Բանկային քարտ չունեցողը, պատանին, օտարերկրացին, աղքատն իրենց արհամարհված են զգալու առաջիկա օրերին։ Ասպիսով՝ Տիգրան Ավինյանը ցույց է տալու, որ իր համար մի քանի հազար դրամ ավելի հավաքելն ավելի կարևոր է, քան պատանու կրթությունը, զբոսաշրջիկի դրական տպավորությունը Երևանի մասին։ Քաղաքապետը, հավանաբար, կարծում է՝ «Ի՞նչ է եղել։ Պատանին թող ծնողից քերի քարտի գումարը, օտարերկրացին ու ներգաղթյալը թող մի քիչ նեղություն ու կորուստ ունենան, աղքատն էլ թող մի քանի օր հաց չի ուտի»։ Իսկ ազգային ինքնասիրություն ունեցող քաղաքացին առաջիկա օրերին կարող է ամաչել իշխանությունների փոխարեն։

Ի վերջո՝ ի՞նչ են անելու Ավինյանն ու նրա թիմակիցները, երբ մեկ-երկու ամիս անց պարզվի, որ թղթային կոդերով ավելի շատ գումար էր հավաքագրվում, քան քարտերով։ Ընդունելու են իրենց սխալն ու հրաժարակա՞ն են տալու, թե՞ Ավինյանի սխալ հաշվարկների համար կրկին ժողովրդին են մեղադրելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»