Օձունի անասնապահները վաղ գարնանից մինչև ուշ աշուն անցկացնում են Արխաշան կոչվող սարատեղիում: Մոտակա սարերով Տաշիրից կաթ հավաքող մեքենաներն ամեն օր գալիս ու սարվորներից հավաքում են կաթը՝ 1 լիտրի համար վճարելով 140 դրամ:
Ամբողջ սարատեղիում միայն չորս ընտանիք է ապրում՝ ամենահին սարվորն ու այս կողմերի ամենաաշխատասեր կինը՝ տիկին Ծաղիկը, ով 17 տարեկանից այս սարերում է:
Ծաղիկի խոսքով՝ հիմա գործն ավելի հեշտ է, կաթը տեղում վաճառում է։ Աշնան կողմ, երբ շոգերն անցնում են, սկսում է յուղ ու կարագ անել ու ընտանիքի ձմռան պաշարը պատրաստել:
Սարի ծանր կենցաղից տիկին Ծաղիկը դժգոհ չէ․ դժգոհ է միայն կաթի իրացման ցածր գնից, որ ինչպես ինքն է ասում՝ կոտրում է սարվորի մեջքը:
Իրենց՝ սարվորների աշխատանքը չի գնահատվում ու տարեցտարի սարվորների թիվը պակասում է։ Ինչ վերաբերում է անասնապահությանը՝ դա էլ եկամտաբեր չէ, ինչի պատճառով սարերը դատարկվում են:
«Տպավորություն է, որ կառավարությունը մոռացել է գյուղացուն»,-տխրում է տիկին Ծաղիկը:
Մանրամասները՝ տեսանյութում։