Հայտնի բան է, որ երկրի ներքին անկայուն իրավիճակից՝ կարող են օգտվել թշնամին, հեղափոխական ընդդիմությունը, տականքը։ Այս առումով՝ իրավացի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը նշելով, որ ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության և ժողովրդի անվտանգության ապահովումն է։ «Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն»,- հուլիսի 22-ին գրել է ՀՀ առաջին նախագահը։
Ո՞ւմ համար է Փաշինյանը քաոս ստեղծում, ո՞վ կօգտվի այս անկայունությունից։
Չբարեկամ երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը տեսականորեն՝ կարող են օգտվել այսպիսի խառնակ իրավիճակից ու խախտել ՀՀ սահմանը։ Հինգ տարի է, նրանք հիշեցնում են միջանցքի մասին։ Եվ եթե Փաշինյանի ապակառուցողական քայլերի արդյունքում երկրում խառնակ իրավիճակ ստեղծվի, ապա չբարեկամները կփորձեն իրագործել իրենց հակահայ նկրտումները։
Սակայն Փաշինյանը, հավանաբար, մտավախություն չունի, որ չբարեկամները կարող են ագրեսիա սանձազերծել, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը եվրոդիտորդներն են տիրություն անում, իսկ ճանապարհների վերահսկողության թեման շուտով կդրվի ամերիկյան կազմակերպության վրա։ Այսինքն՝ ինչքան էլ ներսում քաոս լինի, արտաքին ագրեսիայի վտանգն այս պահին չեզոքացված է։
Ընդդիադիր ուժերը ևս տեսականորեն կարող են օգտվել անկայուն իրավիճակից։ Եթե երկրում կա իշխանություններից դժգոհ մարդիկ, որոնք կարող են հեղաշրջման պլաններ կազմել, ապա խառնակ իրավիճակը ամենահարմարն է այդ պլաններն իրագործելու համար։ Խաղաղ, օրինական ճանապարհով իշխանության համար պայքարողի համար ևս անկայունությունը բարենպաստ է, քանի որ հնարավորություն է ընձեռնում շատ մարդկանց հավաքագրել, ներգրավել գործողություններում, կոփել, գործող քաղաքական մեծամասնության դեմ ակտիվ քարոզչություն կազմակերպել։ Եվ այդ զինանոցով ու թրծվածությամբ ավելի արդյունավետ մասնակցել ընտրություններին, ավելի լավ արդյունք արձանագրել, գուցե և հաղթել։
Այս պարագայում ևս Փաշինյանը, հավանաբար, մտավախություն չունի։ Հեղաշրջում, ահաբեկչություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու կասկածանքով տասնյակ քաղաքացիներ են ձերբակալված, այդ թվում՝ Բագրատ սրբազանը, որը պոտենցիալ մրցակից էր։ Այսինքն՝ քաղաքական համայքի մի մասը քնած է, մյուսը հուսահատ վիճակում է։ Ուստի՝ ընդդիմությունը ևս չի օգտվի ներքին անկայությունից, ո՛չ հեղաշրջման փորձեր կանեն, ո՛չ մարդկանց կհավաքագրեն։
Ի վերջո՝ անկայունությունից ավանդաբար օգտվում է հասարակության տականքը։ Զանգվածային անկարգությունների ժամանակ այս կարգի մարդիկ են կոտրում խանութների ապակիները, գողություն, խուլիգանություն անում, արժեզրկում քաղաքական պայքարը։ Եթե առաջիկայում Նիկոլ Փաշինյանը անկայունություն ու խառնաշփոթ ստեղծի, բախումներ հրահրի, ապա տականքը, տեսականորեն, կարող է դրանից օգտվել, վատ բաներ անել, վնաս պատճառել մարդկանց ու պետությանը, ապահովագրական ընկերություններին և այլն։
Տականքն ավանդաբար չի ասոցիացվել իշխանության հետ։ Բայց տականքը նույնպես սկզբունքներ չունի և հայհոյախոս է, ինչպես որոշ ՔՊ-ականներ։ Տվյալ դեպքում՝ ենթադրյալ բախումը լինելու է եկեղեցու կողմնակիցների և Փաշինյանի համակիրների միջև։ Տականքը կարող է սողոսկել և՛ Փաշինյանի ճամբար, և՛ եկեղեցու աջակիցների։ Ու եթե բանը հասնի զանգվածային անկարգությունների, ապա տականքը կանցնի գործի ու իրապես կշահի, վնաս պատճառելով թեմայի հետ կապ չունեցող մարդկանց։ Իշխանությունները կասեն, թե՝ տեսե՛ք, տականքն է եկել ու պաշտպանում Գարեգին Բ-ին։ Եկեղեցու աջակիցները նույն կերպ կհակադարձեն, թե տականքն իր նմանին գտել է, եկել ու պաշտպանում է Փաշինյանին։
Կարճ ասած՝ Փաշինյանի ստեղծած անկայուն իրավիճակից ու խառնշփոթից շահելու է միայն տականքը։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանել են արտաքին թշնամիների ատամները։ Ընդդիմության մի մասը քնած է, մի քանիսն էլ՝ հուսահատ։ Այս է պատճառը, որ Փաշինյանը չի վախենում խառնաշփոթ ու անկայուն իրավիճակ ստեղծելուց, հաստատապես առաջ մղելով կաթողիկոսափոխության արշավը։ Այսպիսի հարմար իրավիճակ կարող է երբեք չստեղծվել։
Թաթուլ Մկրտչյան