Չինաստանի Գուանդուն նահանգում 82-ամյա պարոն Լոնգը որոշել է իր ողջ ունեցվածքը կտակել իր սիրելի կատվին՝ Շիանբային։ Նա նշել է, որ տարիներ շարունակ խնամել է չորս թափառող կենդանու, սակայն այժմ ողջ է միայն Շիանբան, և հենց նրան էլ ցանկանում է ապահովել արժանապատիվ կյանքով։
Տարեց տղամարդը հայտնել է, որ իր բնակարանը և բոլոր խնայողությունները կփոխանցվեն վստահված անձի միջոցով՝ ի նպաստ Շիանբայի։ Լոնգը մտադիր է նախապես գտնել հուսալի խնամակալ, ով կենդանու համար կդառնա հոգատար և սիրով լի տեր։ Նա շեշտում է, որ կտակի կատարողին ընտրելուց առաջ ցանկանում է անձամբ հանդիպել բոլոր թեկնածուներին՝ բացառելու եսասիրական դրդապատճառները։

Լուրը լայն արձագանք է ստացել չինական սոցիալական ցանցերում։ Շատերը հիացել են տղամարդու անսահման հոգատարությամբ, իսկ որոշ օգտատերեր մտահոգություն են հայտնել՝ կասկածելով, որ հնարավոր խնամակալը կարող է չկատարել իր պարտականությունները, և Շիանբան կարող է հայտնվել փողոցում։
Միևնույն ժամանակ, արդեն մի քանի կամավորներ պատրաստակամություն են հայտնել հոգալ Շիանբայի մասին՝ առանց որևէ ժառանգության ակնկալիքի։