3 երեխաների մորը 8-ամսական երեխայի հետ 3 ամսով կալանավորելու լուրը լսելով՝ մարդիկ կարծիք հայտնեցին, թե դատավորն անխիղճ է, մարդասիրական խիզախություն չունի։ Հետո ՄԻՊ-ի արձագանքը սրեց հանրային կրքերը։ Ի վերջո՝ տարածվեց գնահատական, թե սա ուղղորդված է Նիկոլ Փաշինյանի կողմից, այսպես ՔՊ-ական իշխանությունն իր վերաբերմունքն է դրսևորում ժողովրդի հանդեպ, ցույց է տալիս, թե անողոք է վարվում օրինախախտի հանդեպ, հաշվի չառնելով ո՛չ սեռը, ո՛չ մայրությունը, չխղճալով նույնիսկ 8 ամսական երեխային։
Արդյո՞ք ՀՀ-ում արդարության և արդարադատության ընկախումն այս աստիճան այլասերված է։
Կարծես՝ հեգնանք լինի։ Այս ցնցող դեպքին զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, քննարկվել է ԱՆ քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները:
ՔԿՀ-ներում իրոք ծանր իրավիճակ է, ինքնասպանության ու ինքնավնասման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել 2025-ին։ Համաներում չի հայտարարվել 2018-ից ի վեր։ Կալանքը որպես խափանման միջոց շատ դեպքերում կիրառվում է անհարկի։ Քրեակատարողական համակարգի ի՞նչ զարգացման մասին է ակնարկում նախարարը։ Այս զարգացումը կապ ունի՞ 8 ամսական երեխայի կալանավորման հետ։
Երբ նախարար նշանակվեց Սրբուհի Գալյանը, բազմաթիվ մարդիկ հույսով լցվեցին, թե առաջիկայում բանտերը կփակվեն, օրենքն ու մարդասիրությունը կթագավորեն արդարադատության համակարգում, ՀՀ քաղաքացիների հանդեպ հոգատար, ոչ թե արհամարհական վերաբերմունք կդրսևորվի, արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին կվերադարձնեն Հայաստան և այլն։ Հանրային հույսեր կային համաներման հետ կապված, քանի որ 2018-ից ի վեր համաներում չի իրականացվել։ Սակայն այս հույսերն ու ակնկալիքները ջուրն ընկան։
Գերմանիայում միջնադարում երեխա ունեցող կինը մեղքերի թողություն էր ստանում, միանգամից ներվում էին նրա բոլոր մեղքերը։ Նույնիսկ արտամուսնական կապի արդյունքում ծնված երեխայի պարագայում կինն իրավական արտոնյալ կարգավիճակ էր ստանում, նրա նկատմամբ ամեն վարույթ կասեցվում էր։ Այսպիսի արդարադատության արդյունքում Գերմանիան ամենահզոր ազգերից մեկն է այսօր Եվրոպայում։ Ք.ա. 6-րդ դարում Աթենքի արքոնտ Սոլոնը վերացրեց պարտային ստրկությունը, փաստացի ապացուցելով, որ ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս խիզախ քայլի արդյունքում Աթենքը դարձավ քաղաքակրթական առաջատարը, աշխարհի կենտրոնը որոշ ժամանակ։ Ազատ աշխարհի երջանիկ երկրներում բանտերը փակվում են, խափանման միջոց կալանքը կիրառվում է հազվադեպ։ Աշխարհի հետ համեմատելիս՝ հայերս ծառերի վրա ենք Նիկոլ Փաշինյանի, Սրբուհի Գալյանի, մարդասիրական խիզախություն չունեցող դատավորների շնորհիվ։
Հոռետեսներն ասում են, թե հուլիսի 11-ին խորհրդակցության ընթացքում գաղտնի հանձնարարական է տրվել, որ խստացնեն պատիժները, ամեն ստից առիթով կալանավորեն մարդկանց, վախի մթնոլորտ ձևավորեն, տպավորություն ստեղծեն, թե Փաշինյանը ատում ու արհամարհում է բոլորին, դաժան, անողոք ղեկավար է։ Դրանից զատ, գաղտնի հանձնարարվել է՝ ամեն կերպ այլասերել հանրային պատկերացումները արդարության և արդարադատության հանդեպ։ Այսպիսի գաղջ մթնոլորտում բազմաթիվ մարդիկ կվախենան, հետ կքաշվեն։ Մյուս կողմից՝ կբազմանան սրիկաները, քծնողները, պատեհապաշտներն ու կհամալրեն ՔՊ համակիրների բանակը։ Հավանաբար՝ այս հանձնարարականի կատարման ծիրում է կալանքի վճիռ ընդունվել 3 երեխաների մոր և 8 ամսական երեխայի նկատմամբ։
Իսկ անուղղելի լավատեսներն էլ կարծիք են հայտնում, թե Նիկոլ Փաշինյանն ու Սրբուհի Գալյանը երկուշաբթի կմիջամտեն խնդրին, կնոջն ու 3 ամսական երեխային կազատեն բանտից։ Ավելին՝ նախարարը կվերանայի արդարադատության համակարգի առաջնահերթությունները և շեշտ կդնի մարդասիրության, արժեքների, ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու վրա, արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին կբերի Հայաստան։ Գերմանացիների և հին հույների օրինակով ոգևորած՝ նա հերթով կփակի բանտերը, առաջին հերթին «Աբովյան» ՔԿՀ-ն։ Այս հարցում նրան խորհուրդներով կարող է օգնել Ֆինլանդիայի պատմությունը կարդացած, Նյու Յորքում կրթված Աննա Հակոբյանը։ Հայաստանում փակված բանտերը կվերածվեն համալսարանների։ Մարդիկ կազատվեն վախերից, կլցվեն միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ ու հանցագործություններ չեն անի։ Դատավորներն ու ՄԻՊ-ը կմնան անգործ ու հետամնաց երկրներին կպատմեն, թե ինչպես փրկեցին Հայաստանն այլասերումից։
Թաթուլ Մկրտչյան