Ներքին 10 ամիս առաջ - 12:07 12-07-2025

ՀՅԴ-ականներն Էրդողանի պատվերով են ձերբակալվում. Փաշինյանը նրա միջոցով է ուզում իշխանությունը պահել

Մերի Հակոբյան

Լրագրող

«Փառք Աստծո, որ մեր իշխանությունների հետ կապ չունեմ, ու չեմ կարող ասել՝ կոնկրետ ում տուն են մտնելու։ Ես միայն կարող եմ հասկանալ տրամաբանությունը։ Եվ դա հասկանալու համար խորհուրդ կտամ բոլորին՝ մեր հարգելի ընթերցողներին էլ, նախ և առաջ ընթերցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2022 թ. նոյեմբերին արված հայտարարությունը։ Այն ժամանակ՝ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, նա ասել էր հետևյալը՝ «Պետք է չեզոքացնել սփյուռքի ազդեցությունը»։ Դա նշանակում է, որ կան մի շարք կառույցներ, որոնք Թուրքիային խանգարում են, օրինակ՝ հայկական սփյուռքը Ֆրանսիայում, Ամերիկայում և այլուր, որոնք դեմ են հայ–թուրքական հարաբերությունների «բարելավմանը»։ Իսկ այդ «բարելավումը», բնականաբար, տեղի է ունենում թուրքական օրակարգով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալություններին։

Խոսելով Դաշնակցության անդամների ձերբակալությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ դրանք անմիջական կապ ունեն սփյուռքում Դաշնակցության դերի հետ․

«Էրդողանի հայտարարության մեջ ասվում է նաև, որ պաշտոնական Երևանը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ցույց տա իր կարողությունները այդ հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Կրկնում եմ՝ խոսքը 2022 թ. նոյեմբերի հայտարարության մասին է։ Իսկ սփյուռքում Դաշնակցությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին ամենամեծ ներկայություն ունեցող ուժերն են։ Կան պետություններ, որտեղ հայկական դեսպանատուն չկա, բայց կա Դաշնակցության գրասենյակ, կամ Հայ Առաքելական եկեղեցի։ Փաշինյանն այս պահին պարզապես քայլեր է իրականացնում՝ ցույց տալու համար, որ այդ պահանջները լսել է։ Ուրիշ ոչինչ։ Ուզում եք հասկանալ՝ կարդացեք հենց Էրդողանի ասածը։ Եվ կտեսնեք, թե ինչ է անում հիմա Փաշինյանը։ Այդքան պարզ»։

Մաթևոսյանի համոզմամբ՝ այս գործընթացների գլխավոր պատճառը այն է, որ Փաշինյանը ակնկալում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը վերարտադրվելու, իշխանությունը, ազատությունն ու կապիտալը պահպանելու հարցում։

«Որպես քաղաքական գործիչ՝ նա պետք է ապացուցի, որ ի վիճակի է կառավարել իրավիճակը երկրում, ղեկավարել ու վերահսկել ընթացող գործընթացները։ Եվ այս ամենն իրականում հենց դրա մասին է։ Նա պետք է Թուրքիային ու Ադրբեջանին ցույց տա՝ այո, դուք պատվիրել եք, և ես կարող եմ դա անել։ Այդ իսկ պատճառով այս փուլում ահագնացել են ձերբակալություններն ու ճնշումները։ Իսկ գաղափարական տեսանկյունից, եթե փորձենք հասկանալ՝ սփյուռքի ու Հայաստանի միջև կապող հիմնական կառույցներն որոնք են, ապա ակնհայտորեն դրանք են՝ Դաշնակցությունը և Հայ Առաքելական Եկեղեցին։ Եթե կա ևս մեկ կառույց՝ Դուք չեք կարող հիշել։ Ու հենց դա էլ հուշում է, թե հաջորդը որտեղ են մտնելու և ինչ են անելու»,- եզրափակեց քաղաքագետը։ Մերի Հակոբյան