Ռուբեն Վարդանյանի իրավունքները խախտվում են, Քոչարյանի պահանջը, նոր ձերբակալություններ. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 20:16 11-07-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ պարզաբանումներ ներկայացրելով Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Նրան զրկել են գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։ Կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե' դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին` դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր»,– հայտնել է Սիրանուշ Սահակյանը։ Փաստաբանն ընդգծել է, որ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ Փաստաբանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները։

Նախօրեին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո միջազգային հանրությունը կրկին խաղաղության գործընթացին իր աջակցությունն է հայտնում, ինչպես նաև Երևանից և Բաքվից իր ակնկալիքները ձևակերպում: Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Միացյալ Նահանգներից հայտարարում են՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն ասել է՝ հետևում են մամուլի հաղորդագրություններին: «Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսուն է, կաբինետի հանդիպման ժամանակ արված դիտարկումը ցույց է տալիս, որ սա խաղաղության համար աշխատող վարչակազմ է։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է և կգնան այնտեղ, ուր պետք է: Այս դիրքորոշումը չի թուլացել։ Դա պայմանավորված է նրանով, որ «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հանձնառությունն, իհարկե, ընդգրկում է նաև մեզ շրջապատող աշխարհում իրավիճակը», - նշել է Բրյուսը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան կրկնել է Բրյուսելի աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիա ստորագրելու գիշերը, Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ: Մայիսին ՔԿ-ն հայտնել էր այս դեպքով ձերբակալված 9 անձի մասին: Հիշեցնենք՝ 2020 թվականին պաշտոնական քարոզչությունը հայ հանրությանը վստահեցնում էր, որ հաղթանակը հայկական կողմինն է լինելու, սակայն նոյեմբերի 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Ալիևի և Պուտինի հետ, ինչը քաղաքական ու վերլուծական շրջանակները կապիտուլյացիա են որակում։ Նույն օրը Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ:

Ահաբեկչության նախապատրաստության հոդվածով ձերբակալված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն այսօր կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ, երկու ամսով Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատտրաստություն: Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահին չունեն»,- ասաց փաստաբանը: Մելիքյանը նշեց, որ դատարանը թույլ տվել է տեսակցություններ հարազատների հետ, թեպետ քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի հետ՝ այդ թվում ծնողների։ «Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։ Հայտնաբերված նռնակը ոչ մի կապ չունի իմ պաշտպանյալի հետ։ Սկզբում նրան ձերբակալել էին 2 հոդվածով` ահաբեկչության նախապատրաստման և ապօրինի ռազմամթերք պահելը։ Մեղադրանք առաջադրելիս ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածը հանեցին»,–ասաց Մելիքյանը։ Նա պարզաբանեց, որ Չամիչյանը այդ խաղի պարագաները տոպրակով տարել թողել է տատիկի տանը, ասել է մի քանի օրից հետ կվերցնեմ, տատիկն էլ մտածել է պետքական չէ, աղբի հետ դուրս է հանել, քաղաքացիներն էլ տեսել են ու ահազանգել իրավապահներին։ Ըստ Մելիքյանի` իրավապահներն էլ նախընտրել են ոչ թե լսել ու ստուգել երիտասարդի պարզաբանումները, այլ միանգամից համարել են դրանք ոչ արժանահավատ և սկսել կառուցել այսպիսի պատմություն միայն այն պատճառով, որ Չամիչյանը ՀՅԴ ՀԵՄ անդամ է։ Փաստաբանը նշեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
22:00 Բնակարան, ավտոտնակ, 3 մեքենա, 22 մլն ավանդ, 31.9 մլն կանխիկ, 34.2 մլն եկամուտ․ Արփինե Սարգսյանի և ամուսնու ունեցվածքը
18:40 8 ամսական փոքրիկը կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին. սա է մեր «արդարադատությունը»
21:37 Ինչպես է 8 ամսական երեխայի մորը կալանավորելուն արձագանքել տիկին գլխավոր դատախազը. իրավապաշտպան
11:18 Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
23:19 Lexus-ի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 3-ամյա աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել
15:40 Թուրքիան ներխուժում է ՀՀ, բայց ՌԴ-ն ու Արևմուտքը դեռ Փաշինյանի հետույքն են գուրգուրում․ Զոհրաբյան
11:45 Ամուսնացած զույգերին զեղչով կտրամադրվեն «համբույրի տեղերը» 
00:24 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, կոմայի մեջ է