Ուղիղ եթեր
Մամուլ 10 ամիս առաջ - 08:32 09-07-2025

ԱՄՆ-ն ճնշում է խաղաղության պայմանագրի հարցում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր։

Ըստ տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երեւանին եւ Բաքվին` ապաշրջափակման եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, որտեղ էլ արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որեւէ կազմակերպության միջոցով միջանցքի վերահսկողության տարբերակը։ Իշխանական շրջանակներից դժվարանում են պատասխանել` կհաջողվի՞ արդյոք ամերիկյան պլանը: Ասում են, որ Թուրքիան դեմ չէ, Փաշինյանի այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում։