«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի առաջատար քրիստոնյա հոգևորականների միջև առճակատումը, կարծես, խորանում է՝ բևեռացնելով խորապես կրոնականացված Հարավային Կովկասի 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը»,- այսպես է վերջին շաբաթների ընթացքում ՀՀ-ում ծավալվող ներքին լարվածությունը բնութագրում Կատարում գործող արաբական Al Jazeera միջազգային լրատվամիջոցը։ Գրում է 168.am-ը:
ԶԼՄ-ն հիշեցրել է այսօր առավոտյան Փաշինյանի արած գրառումը, որ կառաջնորդի եկեղեցու «ազատագրումը», ինչպես նաև այն, որ առճակատումը սրվել է անցյալ ամսվա վերջին, երբ հնչեցին Սուրբ Էջմիածնի տաճարի զանգերը։
«Սովորաբար բարձր և տագնապալի ձայնն ազդարարում է նշանակալի իրադարձություն, ինչպիսին է օտարերկրյա ներխուժումը։ Սակայն այդ շոգ հունիսյան օրը զանգը հնչեց՝ ազդարարելով բարձրաստիճան հոգևորականի ձերբակալությունը, որը, ըստ Փաշինյանի, «քրեաօլիգարխիկ հոգևորականության» մաս էր կազմում, որը ներգրավված էր «ահաբեկչության» մեջ և ծրագրում էր «հեղաշրջում»»,- գրում է Al Jazeera-ն։
«Դա անձնական բախում է»,- «Ալ Ջազիրա»-ին ասել է «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Ռիչարդ Կիրակոսյանը։
Իսկ գյումրեցի 37-ամյա Նարինե Մալիքյանը, որը երկու երեխաների մայր է, ասել է. «Մենք այնքան շատ անգամներ կորցրեցինք մեր պետականությունը, որ Եկեղեցու մաս կազմելը հավասար էր հայ լինելուն»։
«Եկեղեցու վրա հարձակվելը նույնն է, ինչ յուրաքանչյուր հայի վրա հարձակվելը»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Եկեղեցին, ըստ Al Jazeera-ի, որի ուսմունքը տարբերվում է հռոմեական կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ուսմունքից, դարեր շարունակ օգնել է պահպանել հայերի ինքնությունը, երբ նրանց հողերը վերահսկում էին իրանցիները, բյուզանդացիները, արաբները, մոնղոլները, թուրքերը և ռուսները։