Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու շարժառիթների, նրա և նրա քաղաքական թիմի գործողությունների, Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերվող նախաձեռնողականության և վերջինիս դեմ պայքարի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի, Միքայել Սրբազանի կալանավորման ու ներքաղաքական գործընթացներում վերջինիս մասնակցության անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արգիշտի Կիվիրյանը նկատում է, որ Սամվել Կարապետյանն ընկավ Նիկոլ Փաշինյանի թակարդը։ «Այս պահին այն, ինչ արվել է Սամվել Կարապետյանի և իր թիմակիցների կողմից, ես կգնահատեի զրո։ Հակառակը՝ ինչ-որ առումով ինքն, ուրեմն, ընկավ Նիկոլ Փաշինյանի թակարդը, ինչո՞ւ, որովհետև, ուրեմն, դու սկզբից պետք է սարքես քաղաքական գործիքը՝ պայքարելու համար, նոր հայտարարություն անես։ Ինքը, նայեք, հիմնական գործընթացները սկսվեցին իր հայտնի հայտարարությունից։ Ինքն արեց այդ հայտարարությունը, և Նիկոլ Փաշինյանն անցավ հարձակման։ Հիմա փաստ էր, որ մինչ այդ պահը իրենք որևէ, այս պահին էլ որևէ քաղաքական լուրջ թիմ, ուրեմն, տեղեկատվական միջոցներ, ուրեմն, սոցիալական ցանցերում ակտիվ խմբեր և նմանատիպ գործիքակազմ իրենք որպես այդպիսին մինչ օրս չունեն»,- ասաց նա։
Հարցին՝ Սամվել Կարապետյանի թիմում այս հայտարարության հետևանքները չէի՞ն գիտակցում՝ վերլուծաբանը պատասխանեց․ «Գիտեք ոնց է, ինձ թվում է, իմ պատկերացմամբ՝ չեն մտածել, որ Նիկոլ Փաշինյանը կանցի նման կտրուկ քայլերի։ Այդ սխալը արել են բազմաթիվ մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հակամարտությունում և արդյունքում հայտնվել են բավականին ծանր վիճակում։ Օրինակ՝ ես վստահ եմ, որ ժամանակին՝ 18 թվականին Ռոբերտ Քոչարյանն էլ չէր մտածում հաստատապես, որ Նիկոլ Փաշինյանը կգնա իրան կալանավորման։ Հիմա նույնը, ես վստահ եմ, Սամվել Կարապետյանը, մտածել է, որ ընդամենը մի հատ հայտարարություն է էլի։ Առավել ևս, իրավական տեսակետից, եթե ինքը դիմեր ցանկացած իրավաբանի, ցանկացած իրավաբան կասեր, որ այստեղ՝ այդ հայտարարության մեջ որևէ խնդիր չկա։
Ուղղակի նմանատիպ հարցերում դու հո մենակ իրավաբանի չես դիմելու․ դու պետք է հաշվարկես քաղաքական իրավիճակը, դու պետք է հաշվարկես բոլոր, էսպես ասած, անցած իրադարձությունները, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ քո հակառակորդի, և ըստ դրա, որոշում կայացնես։ Եթե ինքը դիմեր, դիմեր պրոֆեսիոնալ որևէ քաղտեխնոլոգի, հաստատապես նա իրեն կհուշեր, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում, դա կարող է լինել, էսպես ասած, սկիզբ՝ իր կողմից ապօրինությունների դիմելու, ինչը և տեղի ունեցավ, իսկ մինչ օրս այն, ինչ կատարվել է այդ թիմի կողմից, դա գիտեք ոնց է, դա այս պահին, ես կասեի՝ զրոյական ինչ-որ բան են»։
Վերլուծաբանը շեշտեց նաև, որ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի դաշինքը կարող էր լուրջ դերակատարում ունենալ՝ հավելելով, որ այդ դաշինքի ձևավորման համար դեռևս ուշ չէ։