Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի և նրա կնոջ՝ Արմինե Մուրադյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը 2018-ի իշխանափոխությունից հետո 2018-2021 թվականներին զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, 2021-ի օգոստոսին նշանակվել փոխվարչապետ, սակայն ամիսներ անց՝ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է պաշտպանության նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։Որպես անշարժ գույք՝ Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ Լոռու մարզի Լոռի բերդ բնակավայրում, որոնց տիրապետում է դեռևս 2003 թվականից։ Ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասերը տարեվերջին պահպանել են։
Սուրեն Պապիկյանը 2024 թվականի ընթացում 90 օրից ավելի տիրապետում է 1 սեփական տան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Շարժական գույք՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի հայտարարագրել։
Պապիկյանը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում ունի 75 մլն 573․379 դրամ փոխառություն, որը Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքի գումարն է։
Սուրեն Պապիկյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 18 մլն 653․843,9 դրամ, 17․501,96 դոլար և 10․393,41 եվրո, տարեվերջին՝ 17 մլն 68․319,46 դրամ, 30․001,96 դոլար և 15․193,41 եվրո։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 10 հազար եվրո և 20 հազար դոլար կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն դրամ, 10 հազար եվրո, 20 հազար դոլար։
2024 թվականի հաշվետու տարում Սուրեն Պապիկյանի եկամուտները կազմել են 31 մլն 37․951 դրամ, որից 21 մլն 195․175 դրամը ՊՆ-ից ստացած աշխատավարձն է, 1 մլն 742․776 դրամը՝ Ֆիննախից ստացած այլ եկամուտը՝ եկամտահարկի վերադարձը, 7 մլն 100 հազար դրամը՝ ոմն Գրիգոր Սագարաձեից վարձակալության դիմաց վճարը, ևս 1 մլն դրամ եկամուտ էլ նա ստացել է գյուղատնտեսական գործունեության արդյունքում։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 55 մլն 398․871 դրամ։
Պապիկյանն իր եկամուտներից 2 մլն 543 դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 8 մլն 473․808 դրամ՝ վարկի մարմանը, 14 մլն 476 հազար դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։
Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։
Նա նույնպես 2023 թվականի ընթացում 90 օրից ավելի տիրապետում է մի սեփական տան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Մուրադյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4 մլն 988․179,9 դրամ և 17․700 դոլար, տարեվերջին՝ 9 մլն 665․700,27 դրամ և 17․700 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն 400 հազար դրամ և 2000 եվրո, տարեվերջին՝ 2 մլն 700 հազար դրամ և 2000 եվրո։
Հաշվետու տարում Սուրեն Պապիկյանի կնոջ եկամուտը կազմել է 5 մլն 458․500 դրամ, որը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացած աշխատավարձն է։