Ուղիղ եթեր
Կուլ տվեց վիրավորանքն, ու պատռվեց հակառուսի դիմակը
copy image url

Կուլ տվեց վիրավորանքն, ու պատռվեց հակառուսի դիմակը

Միտք Ներքին 3 ժամ առաջ - 09:10 24-06-2025
Լրագրողական կազմակերպությունները հունիսի 23-ին պահանջել են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով։ Նրանց վրդովվեցրել են հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի փակում ռուսական ալիքները։

Ռուսական հեռուստաալիքները մշակութային էքսպանսիայի գործիք են։ Դրանք ներկայացնում են ռուսական քաղաքական, աշխարհաքաղաքական, մշակութային դիրքորոշումները, պատկերացումները, որոնք Հայաստանի, հայ ժողովրդի պատկերացումների հետ չեն համընկնում։ Եվ դա բնական է, օրինաչափ։ Ռուսական ալիքները կոչված են ամրապնդելու ռուսական քաղաքական ազդեցությունը տվյալ գոտում։ Նրանք նաև ընտրությունների ժամանակ կարող են մանիպուլյացիաներ անել, ազդել ժողովրդի ընտրության վրա, աջակցել ռուսամետ ուժերի ընտրվելուն։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրներում ռուսական հեռուստաալիքները փակվել են վաղուց՝ ազգային և տեղեկատվական անվտանգության նկատառումներով։ ՀՀ-ում դեռ կան։ ՀՌՀ նախագահը, կուսակցությունների ներկյացուցիչները բազմիցս են անդրադարձել խնդրին ու նկատել, որ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից ռուսական հեռուստաալիքները ազգային մուլտիպլեքսով հեռարձակելը ռիսկային է։ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցումից հետո թվում էր, թե այս անգամ կփակեն ռուսական ալիքները, սակայն հանրային հույսերը չարդարացան։ ԵՄ անդամակցելու մասին օրենքի ընդունումից հետո ևս նման հույս արթնացավ, բայց չարդարացավ։

Այս թեման ակտիվանում է այն ժամանակ, երբ ռուսները հասցեական վիրավորում են Նիկոլ Փաշինյանին։ Միայն դրանից հետո են վրդովվում։ 2024-ին ռուսների հետ այս թեմայով բանակցող ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ակնարկեց, որ իրենց խնդիրը ռուսական ալիքները փակելը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանին չվիրավորեն։ Այսպիսի մոտեցումը ապապետական է։

Ակնհայտ է, որ ռուսական ալիքներն իրենց խոսնակների բերանով Հայաստանին, ՀՀ վարչապետին, հայ ժողովրդին վիրավորելու են ամեն անգամ, երբ ինչ-որ հարցում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները տարբեր լինեն, երբ ՀՀ վարչապետը ինչ-որ քայլ անի, որն առերևույթ կհակասի ռուսական հետաքրքրություններին։ Այսպիսի բախումներն անխուսափելի են, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր ազգեր են, ունեն տարբեր աշխարհընկալում, շահեր, նպատակներ և այլն։

Այս տրամաբանությունը ենթադրում է, որ անկախության, ժողովրդավարության ջատագով իշխանությունը փակում է ռուսական ալիքները, ինչպես վարվել են մեր բախտակից ազգերը։ Իսկ ՀՀ-ում դրանք հեռարձակվում են, քանի որ Նիկոլ Փաշինյանը վարում է ռուսամետ քաղաքականություն։ Սոլովյովը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է վարել ռուսամետ քաղաքականություն, չհակառակվել ռուսական շահերին, ռուսական հետաքրքրություններին, սպասարկել ռուսական շահերը։ Այդ վստահությամբ է վիրավորում ՀՀ վարչապետին, հայ ժողովրդին։ Նա չէր համարձակվի վիրավորել ՀՀ վարչապետին, հայ ժողովրդին, եթե մի գրամ կասկածեր, որ Փաշինյանը համարժեք կհակադարձի։ Եթե ՀՀ իշխանությունը քաղաքական համարժեք քայլ անի այսպիսի վիրավորանքից հետո, ապա ռուսները Սոլովյովին աշխատանքից կհեռացնեն հայ-ռուսական գործընկերությանը վնաս պատճառելու համար։ Սոլովյովը վստահ է եղել, որ առավելագույնը՝ մի խումբ լրագրողական կազամկեպություններ հայտարարություններ կանեն, ու վերջ։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կուլ գնալը ռուսական ալիքների վիրավորանքներին հերթական անգամ ապացուցեց, որ նա ռուսամետ գործիչ է, ինչպես 2018-ին պարտավորվել է սպասարկել ռուսական շահեր, այնպես էլ անում է։ Դրա համար չի պաշտպանում անկախությունն ու ժողովրդավարությունը, ժողովրդին, նույնիսկ ինքնասիրությունը, երբ ռուսները խոսքով անցնում են դրանց վրայով։ Եվ կեղծ են այն տեսակետները, թե նա հակառուս է, հայ-ռուսական հարաբերությունները փչացնում է, անվտանգային իրական գործընկերներ է փնտրում, դեպի ԵՄ է տանում Հայաստանը և այլն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
14:20 Ավտոյիս ուստին ասում եմ՝ աշխատածս փողը փոխանակ տուն տանեմ, քու հմար եմ աշխատում. վարորդ
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները