Արցախի պետական ինստիտուտները չպետք է դառնան սիմվոլիկ ձևավորումներ. Մետաքսե Հակոբյան
copy image url

Արցախի պետական ինստիտուտները չպետք է դառնան սիմվոլիկ ձևավորումներ. Մետաքսե Հակոբյան

Ներքին Խոսք 4 ժամ առաջ - 20:19 18-06-2025
«Իրականում՝ մենք ֆորսմաժորային իրավիճակում ենք հայտնվել։ Բոլոր խնդիրները սկսվեցին Արցախի հանձնումից՝ 2022-ի հոկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի վարչապետը Պրահայում փաստացի ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո մենք սկսեցինք հայտնվել առավել անսպասելի և ծայրահեղ հանգամանքներում։ Դրանց հաջորդեց Արցախի Հանրապետության օկուպացիան, ապա՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը։

Եվ ըստ էության, իշխանությունն ու Ազգային ժողովը հայտնվեցին ֆորսմաժորային և անորոշ իրավիճակում, որի լուծումը պիտի կարողանային գտնել հենց Հայաստանի իշխանությունները։ Սակայն վերջիններս, ի դեմս վարչապետի՝ ոչ միայն չփորձեցին լուծումներ գտնել, այլև սկսեցին ճնշումներ գործադրել հենց Արցախի իշխանությունների նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում մենք փորձեցինք նախ ինքնակազմակերպվել։ Սակայն որպես քաղաքական միավոր՝ այդ պահին չհաջողվեց ամբողջապես դրսևորվել։ Արդյունքում հարց առաջացավ Ազգային ժողովի նախագահի ընտրության շուրջ։ Դա կարևոր հանգամանք էր՝ թե՛ խորհրդարանի կենսունակության ապահովման, թե՛ նախագահի լիազորությունների պատշաճ փոխանցման տեսանկյունից։ Այդ լիազորությունները, ըստ Սահմանադրության՝ պետք է ընդուներ Ազգային ժողովի նախագահը։ Սակայն մեր գործընկերը՝ Դավիթ Իշխանյանը, ներկայում գերության մեջ է՝ Բաքվի բանտում։

Սա սովորական իրավիճակ չէ, բայց մենք կարողացանք հաղթահարել այն։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց, սակայն, ցավոք, երբ հերթը հասավ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը, տեխնիկական խնդիրների պատճառով այդ փուլը չհաջողվեց։ Իրավական առումով՝ այդ քայլը հնարավոր եղավ, սակայն թեկնածուի առաջադրման գործընթացը ձախողվեց։

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցվել են սպառնալիքներ մեր հասցեին մի քանի անգամ։ Բայց դա մեզ չի կանգնեցրել։ Ուղղակի՝ առաջին փուլում չհաջողվեց թեկնածու առաջադրել կոնսենսուսի բացակայության պատճառով։

Այնուամենայնիվ, որևէ լուրջ անլուծելի խնդիր չունենք։ Այս ամենը հնարավոր է հաղթահարել, բայց նաև շատ զգույշ պետք է գործել։ Որպեսզի իշխանությունները հերթական անգամ չփորձեն սեփական ձախողումները բարդել ուրիշների վրա։

Ներկայում Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի նախագահն է կատարում նախագահի լիազորությունները։ Քաղաքական քննարկումները շարունակվում են, և մեր նպատակն է, որ առաջադրվի միասնական թեկնածու։ Դա մեզ համար կարևոր է ոչ միայն որպես ընթացակարգային լուծում, այլև որպես քաղաքական միասնության դրսևորում»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի ընտրության խնդրին։

Նա նաև ընդգծեց Արցախի կառավարության գոյության կարևորությունը՝ նշելով, որ այն չպետք է սիմվոլիկ բնույթ կրի.

«Պետք է ընդունենք, որ բռնի տեղահանությունից հետո պետական ինստիտուտները չկարողացան բավարար կերպով իրականացնել իրենց առաքելությունը։ Բայց կառավարությունը չպետք է լինի ձևական։

Միջազգային հարթակներում մեր գործունեությունն արդեն արդյունքներ է տվել։ Բոլորը գրեթե նույն միտքն են արտահայտում՝ հենց այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները պատրաստ լինեն բանակցային գործընթացի, որի օրակարգում կլինի նաև արցախցիների վերադարձի իրավունքը, ապա այդ գործընթացում գլխավոր դերակատարները պիտի լինեն հենց Արցախի լեգիտիմ ներկայացուցիչները՝ նախագահը և Ազգային ժողովը։

Չի եղել որևէ հանդիպում, որտեղ կարևորված չլինի այդ ինստիտուտների դերը։ Իշխանությունները փորձում են փակել այդ թեման, սակայն այդ իրավունքը չի կարող բեկանվել։ Եվ այն պահից, երբ սկսվի նման գործընթաց, անպայման այդ դերակատարությունն ունենալու են հենց Արցախի ներկայացուցիչները»։

Եվ անկախ նրանից, թե ում համար է դա հաճելի է կամ ոչ, Արցախի ժողովրդին ներկայացնողը լինելու են Արցախի Ազգային ժողովը, նրա պատգամավորները և նախագահը։ Եվ երբ սկսվի բանակցային գործընթաց, հենց այս ինստիտուտները պետք է հանդես գան որպես հիմնական կողմեր»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր, հունիսի 18-ին համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ, նշելով, որ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Արցախի Ազգային ժողովի նախագահը:

Նշենք նաև, որ Սամվել Շահրամանյանի լիազորություններն ավարտվել են մայիսի 21-ին։

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
08:56 Անտեր վիճակ է․ Փաշինյանի ջղաձգումները կարող են հետապնդել 3 հիմնական նպատակ