31 տարի անց կորցրեցին նաև ամբողջ Արցախը, քանի որ Շահումյանի դասերը այդպես էլ չսերտեցին
copy image url

31 տարի անց կորցրեցին նաև ամբողջ Արցախը, քանի որ Շահումյանի դասերը այդպես էլ չսերտեցին

Ներքին Միտք 18 ժամ առաջ - 09:46 13-06-2025
Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«33 տարի առաջ, 1992 թվականի հունիսի 13-ին, հանձնվեց Հայաստանի Մեծ Կողմանք գավառը, Գյուլիստանի Մելիքությունը, որը շատերդ ճանաչում եք, որպես Շահումյանի շրջան։ Հանձնման պահին Շահումյանը դե յուրե հանդիսանում էր Հայաստանի մաս, համաձայն 1989 թ․ դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂԻՄ միացյալ միավորման որոշման։ Շահումյանը դե յուրե հանդիսանում էր նաև ԼՂՀ հիմնադիր շրջան, մասնակցելով ԼՂՀ հռչակմանը՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին։ Նա մասնակցել էր նաև բոլոր հանրաքվեներին։

Շահումյանի շրջանը, ինչպես և ԼՂԻՄ-ը, ուներ սեփական ճակատագիրը որոշելու իրավունք, համաձայն այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության, որպես կոմպակտ ապրող ազգային շրջան և միավոր։

Նախքան շրջանի 1992-ի լիակատար հայաթափումը, ԽՍՀՄ-ը այստեղ 1991-ի գարնանը անց էր կացրել Կոլցո օպերացիան, դատարկելով հայկական գյուղերը։ Շահումյանում է թշնամին առաջին անգամ ազգաբնակչության դեմ կիրառել Գրադ կայանքներ, քիմիական զենք, այնտեղ են մերոնք առաջին անգամ խոցել Սու ռազմական ինքնաթիռներ, այնտեղ են գերի վերցրել Ադրբեջանի ՆԳ նախարարին, փոխանակելու համար գերված հայերի հետ, այնտեղ են կազմավորվել միակ պարտիզանական Եղնիկներ ջոկատները, ինչը անգամ Արցախը հանձնելուց հետո չկրկնվեց։

600 ք․կմ շրջանի վրա հարձակվել էր մոտ 130 տանկ, անթիվ անհամար ինքնաթիռներ՝ ռուսական 23-րդ դիվիզիայի ամբողջ արսենալով, Ռուսաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Շամանովի գլխավորությամբ։

Հայաստանյան իշխանությունները հարձակմաննախօրեին Շահումյանից հետ էին կանչել փոքրաթիվ հհշ-ամերձ ջոկատները, նորաստեղծ հայկական բանակի սպաներին և զինվորներին։ Շահումյանը 1000 օր պաշարված էր, կտրված աշխարհից։

Հայաստանի ՊՆ-ն՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի, չէր ուղարկել խոստացված օգնությունը։ Իսկ ուղարկված ռազմամթերքը խոտանված էր։

Շահումյանցիները ոտքով, անցան Մռավի շղթան, հասնելով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ, իսկ հետո Ստեփանակերտ։ Այդ օրվա ԼՂՀ ղեկավարները նրանց չէին թույլատրել բնակվել Շահումյանի հանձնունից ուղիղ 40 օր առաջ ազատագրված Շուշիի շրջանում։

Շահումյանցիները շարունակել են իրենց ընթացքը դեպի Հայաստան, որտեղ ևս նրանց ոչ ոք չէր սպասում։ 1000 օր մաքառումների մեջ պայքարած շահումյանցիներին անվանում էին դավաճաններ, որոնք իբր առանց պայքարի լքեցին իրենց երկիրը։ Սա ասում էին մի ժողովրդին, ով 3,5 տարի եղել է բլոկադայի մեջ, տվել բազմաթիվ զոհեր, ենթարկվել խորհրդային, ռուսական ու ադրբեջանական հարձակումներին ու չէր լքել իր հայրենիքը։ Նրանց Հայաստանում չտվեցին անգամ փախստականի կարգավիճակ, որ զրկեն օգնություններից։
295-ից 500 զոհ տալով, նրանք հասնում են Երևան ու մնում փողոցներում, բաց երկնքի տակ, կատարյալ անօգնական։

Երևանը նրանց չի ընդունում, Արցախը ևս, նրանք ստիպված համարյա բոլորը՝ 15000 հայ, հեռանում են դեպի Ռուսաստան։

Շահումյանցիները միակն էին, որոնք շրջանի կորստից հետո կազմեցին պարտիզանական ջոկատներ ու պայքարեցին իրենց հայրենիքը ազատագրելու համար, սակայն օրվա բոլոր իշխանությունները, խափանեցին այդ փորձերը։

Արդեն 33 տարի շահումյանցին ասում է, որ չկար հաղթանակ, չկար հաղթանակած նախագահ, չկար հաղթանակած սպարապետ, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն։

Սա չհասկանալով, հայերը՝ 31 տարի անց, կորցրեցին նաև ամբողջ Արցախը, քանի որ Շահումյանի դասերը, որ մենք աղաղակում էինք 33 տարի, այդպես էլ չսերտեցին։

Շահումյանի կորստով սկիզբ դրվեց Արցախի հայաթափմանը, Արցախը կորցրեց իր թիկունքը և հենարանը, 5 մելիքություններից մեկը։ Արցախը կեղծորեն փորձում էր ապրել առանց Շահումյան, մտքում փոխանակելով այն Քարվաճառի հետ, որին մենք միշտ դեմ ենք խոսել։

Հ․Գ․ Տարիներ անց, Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատարը մասնակցում է մի խնջույքի, որտեղ ներկա էր նաև Շահումյանի դահիճ Շամանովը։ Բոլոր ներկաները անընդհատ կենացներ են ասում նրա մասին ու չրխկացնում բաժակները։

Հայ հրամանատարը չի մասնակցում կենացներին ու չի գովում Շամանովին, ինչը աննկատ չի մնում նրա կողմից։ Նա մի կողմ է կանչում հայորդուն, թե․ ես զգում եմ, որ չես խմում իմ կենացը, ինչու՞մն է հարցը։ Հերոսս, թե ես ու դու եղել ենք Շահումյանում խրամատի տարբեր կողմերում և դու զավթել ես իմ հայրենիքը։ Ոնց կարող եմ քո կենացը խմել։ Շամանովը սկսել է արդարանալ, թե բա ես հրամանի մարդ եմ, մի մեղադրի ինձ, ինձ ինչ ասում են, ես դա եմ անում։

Առանց Շահումյանի Արցախը չի ազատագրվելու։ Սա աքսիոմ է։
Նկարի մեջ Շահումյանի դահիճն է։»։