Մարդն ինչքա՞ն անծանոթ լինի սոցիալ հոգեբանությանը, որ չպատկերացնի, թե սոցիալական ինչ հակազդեցություն կարող է առաջացնել կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնությունը։
Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին Մայր Աթոռից պարզաբանում է պահանջել կուսակրոնության ուխտը խախտելու թեմայով։ Այս գրառման տակ մեկնաբանություն թողած բազմաթիվ օգտատերեր չեն աջակցում նրան այս հարցում։
Իսկ նախօրեին էլ նա հավատացյալներին կոչ էր արել Համակարգող խումբ ձևավորել՝ «… Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Սա իրական մարտակոչ է։ Ենթադրելի է, որ Վեհարանն ազատելուն ուղղված գործուն քայլեր ասելով, ակնարկվում է Սուրբ Էջմիածնի ուղղությամբ գրոհի նախապատրաստումը, կազմակերպումը, առումն ու հարկադրական կաթողիկոսափոխությունը։ Այդ նպատակով են, հավանաբար, համակարգող խումբ կազմավորելու քողի տակ սկսել հավաքագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «սիրելի հավատավոր հետևորդներին»։
Ինչպիսի՞ ընթացք կունենա այս արշավը։
Ենթադրվում է, որ Փաշինյանը հավաքագրված քաղաքացիներից կկազմի բանակ, նրանց թիկունքին կնկարի խաչ ու խաչակրաց արշավանք կսկսի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Էջմիածինը գրավելուց, Գարեգին Բ-ին գահընկեց անելուց ու կաթողիկոսի ԺՊ նշանակելուց հետո, սակայն, արշավանքը չի ավարտվի։ ՔՊ-ականները, հավանաբար, կկազմակերպեն ինկվիզիցիա, ճիզվիտի գլխարկներով կամ դիմակներով քննիչները կզբաղվեն բացառապես հոգևորականների բարեվարքությունը քննելով, նրանց մեղքերը բացահայտելով։ Ում մատնացույց անի Փաշինյանը, նրանք կհռչակվեն հերետիկոս, հերձվածող ու կարգալույծ կարվեն ԺՊ-ի կողմից։ Իսկ ԱԱԾ-ին, ամենայն հավանականությամբ՝ կհանձնարարվի, պարզել Փաշինյանին քննադատող հոգևորականների կապը սատանայի հետ։ Եթե ԱԱԾ-ն «փաստեր, ապացույցներ» ներկայացնի, ապա նրանց կայրեն խարույկի վրա։
Կանխատեսելի է, որ Փաշինյանի կոչին արձագանքածների բանակն առաջիկայում կպաշարի Էջմիածինը, վրաններ կխփեն Մայր Աթոռի շուրջը, փակելով բոլոր մուտքերն ու ելքերը։ Ընդդիմադիրներն այդ պաշարումը կնմանեցնեն ադրբեջանցի բնապահպանների ակցիային, երբ 2022-ի վերջին փակեցին Լաչինի միջանցքը։ Այնուհետև Փաշինյանը կներկայացնի վերջնագիր։
Մտահոգիչ է այն, որ իրադարձությունների այսպիսի կամ նման ընթացքի պարագայում քաղաքացիական բախումները չեն բացառվում։ Եթե պաշարումը ամիսներ տևի, ապա մարդասիրական խնդիր կծագի ու այդ դեպքում հնարավոր են բախումներ։ Հաշվի առնելով այն, որ կաթողիկոսափոխությունն ուղիղ կապ ունի 2026-ի ընտրություններում ՔՊ-ի իշխանությունը պահելու խնդրի հետ, ապա չի բացառվում, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները բռնություն ուղիղ կոչեր կանեն նրանց նկատմամբ, որոնք կպաշտպանեն եկեղեցու անկախությունը։ Առաջիկա օրերին սպասվում է նաև, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ատելության մեծ չափաբաժին կհասցեագրեն Գարեգին Բ-ի կողքին կանգնողների հասցեին, չեն բացառվում նաև հայհոյանքները, որոնք ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարի մաս են դարձել։ Սադրալի գրառումները, հայհոյախառն հայտարարությունները ևս բախումների պատճառ կարող են դառնալ։
Կարճ ասած Փաշինյանի առաջին մարտակոչն արդեն հնչել է, արդեն խմբեր են ձևավորվում, որոնք պատրաստվում են ազատել վեհարանը։ Ողջամիտ մտավախություն կա, որ նրա սխալ որոշումների արդյունքում տեղի ունեցած աղետներին կարող է ավելանալ ևս մեկը, Փաշինյանի խաչակրաց արշավանքը, հնարավոր է՝ կուղեկցվի բախումներով։
Թաթուլ Մկրտչյան